«Նորմանդական քառյակը» կաջակցի Ուկրաինայի հարցով շփման խմբի ակտիվացմանը

«Նորմանդական քառյակը» կաջակցի Ուկրաինայի հարցով շփման խմբի ակտիվացմանը

PanARMENIAN.Net - «Նորմանդական քառյակի»` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի, ԱԳ նախարարները պայմանավորվել են սատարել ծանր զինտեխնիկայի դուրս բերմանը շփման գծից Ուկրաինայում և շփման խմբի ակտիվացմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բեռլինում հանդիպման ավարտին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք ավարտեցինք ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը, քննարկեցինք քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ձևաչափում խթանելու համար ուկրաինական ճգնաժամի կարգավորման առաջընթացը»,- ասել է Լավրովը: «Ամենագլխավոր որոշումը, որ ընդունվեց այսօր, արտացոլվել է համատեղ հայտարարության մեջ, դա հզոր աջակցությունն է շփման գծից ծանր զինտեխնիկան հետ քաշելուն, ինչն արձանագրված է Մինսկի պայմանավորվածություններում, մասնավորապես սեպտեմբերի 19-ի Մինսկի հուշագրում»,- հավելել է նա:

«Սա այն է, ինչ առաջարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պյոտր Պորոշենկոյին հունվարի 15-ի ուղերձում: Մենք հուսով ենք, որ նախաձեռնությանը կաջակցեն «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները: Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններն արդեն հավանություն են տվել ծանր զինտեխնիկան հետ քաշելու ժամանակացույցին, մենք հուսով ենք, որ Ուկրաինայի ղեկավարությունը ևս դա կանի, առավել ևս, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները սատարում են այս մոտեցմանը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Լավրովը հավելել է, որ երկրորդ որոշումը վերաբերում է շփման խմբի գործունեության ակտիվացմանը: «Այս որոշումը էական եմ համարոմ, քանի որ այս ձևաչափով աշխարհազորայիններն անմիջապես շփվում են Կիևի իշխանությունների հետ»: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ «մասնակիցները պայմանավորվել են, որ չորս երկրների ԱԳ նախարարները կշարունակեն շփումներն ու կհետևեն պայմանավորվածությունների կատարմանը»:

Նորմանդական ձևաչափը ենթադրում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահների, ԱԳ նախարարների շփումներ: Նման ձևաչափով առաջին հանդիպումը Վլադիմիր Պուտինի, Ֆրանսուա Օլանդի, Անգելա Մերկելի ու Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ տեղի ունեցավ 2014-ի հունիսին Նորմանդիայում՝ դաշնակիցների զորքերի ափ ելման 70-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ: Նախորդ տարվա հոկտեմբերին նման բովանդակության բանակցություններ անցան Միլանում:

Չորս երկրների ԱԳ նախարարները կանոնավոր հանդիպումներ են ունենում այս ձևաչափով: Վերջին հանդիպումը եղել է հունվարի 12-ին` Բեռլինում, որտեղ քննարկվել են «նորմանդական քառյակի» երկրների նախագահների Աստանայում նախատեսվող հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Իր հերթին ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպման ավարտին հայտարարեց. «Մենք պայմանավորվեցինք հետագա քայլերի մասին, դրանք նախատեսում են շփման խմբի հանդիպում: Մենք միասնական ենք նաև այն հարցում, որ շփման խմբի շրջանակում կստեղծվեն մի քանի աշխատանքային խմբեր, որոնք կարևոր հարցերով են զբաղվելու, այդ թվում Ուկրաինայի արևելք հումանիտար բեռների առաքման հարցով:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին, հայտնում է Գազետա-ռու-ն «Նովոստի -Ղազախստան»-ի վրա հղումով:

Նազարբաևը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով Ուկրաինայի, ՌԴ, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների մակարդակով:

«Ղազախստանի նախագահը խնդրել է ամերիկացի պաշտոնակցին ավելի ակտիվ լինել Ուկրաինայի հարցում փոխզիջում գտնելու համար: Նա նշել է, որ տնտեսական պատժամիջոցները ՌԴ դեմ անդրադառնում են նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների հանդիպումը Աստանայում կարող է տեղի ունենալ հունվարի ավարտին:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---