Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորը. Նավթի համաշխարհային գներն աճում են

Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորը. Նավթի համաշխարհային գներն աճում են

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլայի մահվան մասին լուրից հետո: Այդ են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոսկվայի ժամանակով 7.47-ին Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսները աճել են 1,18 տոկոսով՝ հասնելով 49,46 դոլարի մեկ բարելի դիմաց: WTI տեսակի թեթև նավթի մարտի ֆյուչերսներն աճել են 1,85 տոկոսով՝ հասնելով 47,17 դոլարի մեկ բարելի դիմաց:

Սաուդյան Արաբիայի վեցերորդ թագավոր Աբդալլան վախճանվել է 91 տարեկան հասակում: Գահ կբարձրանա նրա 79-ամյա եղբայրը՝ Սալմանը:

Դեկտեմբերին բժիշկները Աբդալլա թագավորի մոտ թոքաբորբ էին ախտորոշել, նա հոսպիտալացվել էր: Վերջին չորս տարում թագավորը մի քանի անգամ ողնաշարի վիրահատության է ենթարկվել: Հուղարկավորությունը կկայանա այսօր: Թագավորի մարմինը կտեղափոխեն իմամ Թուրքի բեն Աբդալլայի մզկիթ, այնուհետև կհուղարկավորեն Ալ Ուդ մզկիթում:

«Թագավոր Աբդալլայի մահը կավելացնի նավթի գների անորոշությունն ու տատանողականությունը կարճաժամկետ հեռանկարում»,-«Բլումբերգ» գործակալությանն է հայտնել Sanford C. Bernstein & Co վերլուծաբան Նիլ Բեվերիջը:

Ըստ որոշ վերլուծաբանների, շուկայում անորոշություն է տիրում շուկայում առաջարկի ավելցուկի հարցում նոր թագավորի քաղաքականության վերաբերյալ:

Վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ առաջիկայում շուկաները կկենտրոնանան այն հարցի վրա, թե արդյոք նոր թագավորը պաշտոնում կթողնի նավթի նախկին նախարար Ալի Ալ Մաիմիին, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 1995-ից: Arabia Monitor-ի գլխավոր տնտեսագետ Ֆլորանս Էնդ Օաքենդը հայտարարել է գործակալությանը, որ նավթի գործող նախարարը հարգված է և հայտնի է երկրում և կշարունակի պաշտոնավարել, քանի դեռ չի փոխվել նախարարների կաբինետի ամբողջ կազմը:

2014-ի ամռան սկզբից նավթի գները նվազել են 50 տոկոսով: Չնայած դրան ՕՊԵԿ շատ երկրներ հայտարարում են, որ մտադիր չեն կրճատել արդյունահանման ծավալները:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---