Անկարգություններ Եգիպտոսում. «Հունվարի 25-ի հեղափոխության» օրը 18 մարդ է զոհվել

Անկարգություններ Եգիպտոսում. «Հունվարի 25-ի հեղափոխության» օրը 18 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - «Հունվարի 25-ի հեղափոխության» տարեդարձի օրը Եգիպտոսի տարբեր նահանգներում ծագած անկարգությունների ժամանակ 18 մարդ է զոհվել, շուրջ 50 տուժած կա: Այս պաշտոնական տվյալները ներկայացրել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Սպանվածների թվում երկու ժամկետային զինծառայող կա, որոնք դարձել են ոստիկանության շարժական պարեկախմբի վրա զինված հարձակման զոհերը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ամենակատաղի բախումները տեղի են ունեցել հունվարի 24-ին՝ Կահիրեի Էլ Մատարիա արվարձանում, որտեղ 12 մարդ է զոհվել: Ինչպես հայտնել է երկրի կառավարությանը կից Օպերատիվ շտաբի ղեկավար Ալի Հարիդին, «ահաբեկչական խմբերը, որոնք եղել են ցուցարարների շարքերում, հրազեն են կիրառել անզեն մարդկանց դեմ»: Բացի այդ, ըստ նրա, նրանց դիվերսիայի օբյեկտ են դարձել էլեկտրագեներատորային ենթակայանները, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքը՝ հրկիզվել է մայրաքաղաքի արվարձանի բաժանմունքը: Այդ մարդիկ մեղսակից են նաև մի շարք դիվերսիոն գործողություններին Գիզայի գավառում և Կահիրեում, ասել է նա:

Ոստիկանությունն օրվա ընթացքում մոտ 500 հրահրիչների է ձերբակալել, որոնք երկրում արգելված «Մահմեդական եղբայրների» կողմնակիցներ են, որոնցից զենք է առգրավվել: Ըստ ՆԳՆ-ի, վնասազերծվել է մոտ 10 պայթուցիկ: Ընդհանուր առմամբ, կիրակի օրը նախատեսված տոնախմբությունը չստացվեց: Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլայի մահվան պատճառով հայտարարված սգի կապակցությամբ չեղյալ համարվեցին Կահիրեի մարզադաշտում կայանալիք միջոցառումները: Երկրի կենտրոնական հրապարակը, որի հետ կապված 2011-ի հունվարի իրադարձությունների հիշողությունները դեռ թարմ են, փակ էր: Միայն մոտ մի քանի հարյուր մարդ կարողացավ հավաքվել հեռվում՝ աջակցություն հայտնելով նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Տասնամյակներ շարունակ «Մահմեդական եղբայրներն» օրենքից դուրս են եղել Եգիպտոսում, և միայն Հոսնի Մուբարաքի ռեժիմի անկումից հետո ներկայացան աշխարհին որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ:

«Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ: Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» ղեկավարնության անդամներից շատերը ձերբակալվեցին երկրում բռնություն բորբոքելու մեղադրանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---