Երկխոսության հնարավորություն միջսիրիական բանակցություններում

Երկխոսության հնարավորություն միջսիրիական բանակցություններում

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչների միջև միջսիրիական բանակցությունների առաջին օրը: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հանդիպմանը մասնակցել է մոտ 30 սիրիացի գործիչ տարբեր ընդդիմադիր շարժումնեից, և մի շարք անկախ քաղաքական գործիչներ: Խորհրդակցություններն անցել են դռնփակ՝ առանց մամուլի ներկայացուցիչների ու «կողմնակի մասնակիցների», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նախատեսվում է, որ միջսիրիական բանակցությունները Մոսկվայում երկու փուլով կանցնեն՝ հունվարի 26-27-ին և հունվարի 28-29-ին: Առաջին օրերին հանդիպում են ընդդիմադիրները, որտեղ նախատեսված է քննարկել բանակցությունների ռազմավարությունն ու օրակարգը: Հաջորդ օրերին կբանակցեն ընդդիմության ներկայացուցիչներին ու Դամասկոսի պատվիրակությունը, որը կներկայացնի Մոսկվա ժամանած սիրիական կառավարության պատվիրակությունը ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ: Նրանք կմասնակցեն հունվարի 28-ին կայանալիք խորհրդակցություններին:

Մեկնարկած բանակցություններն առաջինն են 2014-ի փետրվարից հետո, երբ ավարտվեց Ժնևի բանակցությունների երկրորդ փուլը: Այն ժամանակ կողմերին չհաջողվեց կոնկրետ պայմանավորվածությունների հասնել: Մոսկվայում նշում են, որ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ է կրում, որով և տարբերվում է Ժնևի բանակցություններից:

Սիրիական ընդդիմությունը բավականին դրական է գնահատել բանակցությունների առաջին օրը: «Մենք դրական տպավորություններ ունենք այդ հանդիպումից, սա լավ հնարավորություն է երկխոսության համար»,-ասել է Սիրիայի ընդդիմադիր Ազգային համակարգող կոմիտեի քարտուղար Մաջիդ Համմը:

«Կարծում եմ, հանդիպումը կկենտրոնանա երկու խնդիրների վրա՝ սիրիական կարգավորումը պետք է լինի քաղաքական, հիմնված Ժնևի համաձայնությունների վրա, երկրորդը՝ հումանիտար իրավիճակն է, սիրիական ժողովրդի տառապանքների մեղմումը»,-հավելել է նա:

ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել է, որ կարծում են, որ միջսիրիական բանակցությունների մասնակիցները «կկարողանան ընդհանուր հարթակ ստեղծել, որի հիման վրա կսկսի համապարփակ ու նշանակալի երկխոսություն Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև»:

ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախկինում հայտարարել էր, որ «մոսկովյան հարթակը նախադրյալներ կստեղծի առանց նախապայմանների միջսիրիական կարգավորման շուրջ բանակցությունների համար»:

Սկզբում նախատեսվում էր, որ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչներ չեն մասնակցի բանակցություններին: Միայն ռուս արևելագետները կօգնեն կողմերին բանակցել ու համակարգել բանավեճը: Սակայն արդեն երկուշաբթի ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը չբացառեց, որ հնարավոր է Լավրովի հանդիպումը ընդդիմության ներկայացուցիչների հետ հունվարի 28-ին, երբ խորհրդակցություններ կսկսվեն կառավարության ու ընդդիմադիրների միջև: «Եթե կառուցողական տրամադրվածություն լինի, բոլորը հավաքվեն, գուցե նման հանդիպում կայանա»,-ասել է նա:

Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատեցին նաև սիրիացի ընդդիմադիրները: Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Հայրենասիրական և ժողովրդավարական գործողությունների լիգայի» գլխավոր քարտուղար Մահմուդ Մուրեյն ասաց, որ «հունվարի 28-ին հանդիպում է նախատեսվում Սերգեյ Լավրովի հետ, որից հետո հանդիպում կկայանա Սիրիայի կառավարության պատվիրակության հետ»:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---