ԵԽԽՎ-ն զրկել է Ռուսաստանին ձայնի իրավունքից, ռուսական պատվիրակությունը հեռացել է դահլիճից

ԵԽԽՎ-ն զրկել է Ռուսաստանին ձայնի իրավունքից, ռուսական պատվիրակությունը հեռացել է դահլիճից

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել, որով Ռուսաստանը զրկվում է ձայնի իրավունքից և ԵԽԽՎ ղեկավար մարմինների աշխատանքին մասնակցելուց ապրիլյան նստաշրջանի ընթացքում: Բանաձևի օգտին քվեարկել է 160 պատվիրակ:

«Պատժամիջոցներից բացի վեհաժողովը պետք է քննարկի ՌԴ պատվիրակության քվեարկության և 2015-ի ապրիլին բյուրոյում ներկայացված լինելու իրավունքի կասեցման հարցը, եթե Ռուսաստանը զգալի արդյունքի չհասնի Վեհաժողովի ավելի վաղ նշված դրույթների հարցում և լիարժեք չհամագործակցի աշխատանքային խմբի հետ, որը հիշատակվում է բանաձևի 17-րդ կետում»,-ասվում է ընդունված բանաձևում:

Վեհաժողովի 17-րդ կետում առաջարկվում է դիտորդական հանձնաժողովին քննարկել, շահագրգիռ խորհրդարանների համաձայնության դեպքում, հատուկ աշխատանքային խմբի ստեղծման հարցը ՌԴ Պետդումայի խոսնակների և ուկրաինական Ռադայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ մշակելու համար ԵԽԽՎ ձեռնարկելիք միջոցներն ուղղված Մինսկի արձանագրությունների կատարմանը:

Վեհաժողովը նաև պահանջել է Մոսկվայից չեղյալ համարել Ղրիմի միացումը ՌԴ-ին, թափանցիկ հետաքննություն անցկացնել զոհերի և մարդկանց անհետացաման, ոստիկանության և ռազմականացված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերի վերաբերյալ, կոչ անելով նաև Ռուսաստանին լուծարել «տարածաշրջանում գործող բոլոր ռազմականացված ուժերը»: ԵԽԽՎ-ն նաև կողմ է արտահայտվել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությանը:

Ըստ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովի, Ռուսաստանը լքում է վեհաժողովը մինչև տարեվերջ:

«Մենք հեռանում ենք ԵԽԽՎ-ից մինչև տարեվերջ»,-մեկնաբանել է նա ԵԽԽՎ որոշումը ռուսական պատվիրակության լիազորությունների կասեցման մասին:

«Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի մասնակցության հարցը քննարկվելու է 2015-ի ավարտին՝ կախված քաղաքական իրավիճակից»,-հավելել է Պուշկովը: Ըստ նրա, մինչ օրս Ռուսաստանում չէին մտածում ԵԽ կազմից դուրս գալու հնարավորության մասին, «սակայն Խորհրդարանական վեհաժողովի այսօրվա որոշումն այդ հարցը կարող է օրակարգ մտցնել»:

Ավելի վաղ Պուշկովը հայտարարել էր, որ ԵԽԽՎ-ում ՌԴ լիազորությունների վերականգնման հակառակորդները գործել են հակառուսական դաշինքի շրջանակում: Միևնույն ժամանակ, Իտալիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Ադրբեջանի և մի շարք այլ պետությունների ներկայացուցիչներ կողմ էին հանդես գալիս ՌԴ պատվիրակության առանցքային լիազորությունները պահպանելու օգտին, պատմել է պատգամավորը:

2014-ի ապրիլյան նստաշրջանում Վեհաժողովը զրկեց ՌԴ պատվիրակությանը քվեարկելու և ղեկավար մարմինների աշխատանքին մասնակցելու իրավունքից մինչև տարեվերջ Ղրիմը Ռուսաստանին միացնելու պատճառով: Որպես բողոքի նշան ռուս պատգամավորներն ու սենատորները լքեցին Ստրասբուրգը և հրաժարվեցին մասնակցել ԵԽԽՎ աշխատանքին: Ըստ կանոնադրության, 2015-ի հունվարի 26-ին ռուսական պատվիրակությունը վերադարձավ ԵԽԽՎ, սակայն նրա լիազորությունները բողոքարկվեցին բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի նախաձեռնությամբ և Վեհաժողովի ավելի քան 30 անդամի աջակցությամբ:

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այդ առիթով հիշեց 2000 թ., երբ ռուսական կողմը զրկվեց քվեարկության իրավունքից Չեչնիայում իրավիճակի պատճառով:

«Deja vu: 2000-ի ապրիլին ես նույնպես դուրս բերեցի մեր պատվիրակությունը ԵԽԽՎ դահլիճից որպես բողոքի նշան, բայց այն ժամանակ ամեն ինչ շատ ավելի էմոցիոնալ էր»,-գրել է ՌԴ փոխվարչապետը Facebook-յան իր էջում:

Որպես բողոքի նշան ռուսական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել նիստին ու բանավեճին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---