Բրիտանացի փորձագետներ. ՀՀ ԶՈւ-ն կարողանում են հաջողությամբ համադրել ռուսական և արևմտյան փորձը

Բրիտանացի փորձագետներ. ՀՀ ԶՈւ-ն կարողանում են հաջողությամբ համադրել ռուսական և արևմտյան փորձը

PanARMENIAN.Net - 2014 թվականին Հայաստանը ռազմական նպատակներով ծախսել է շուրջ կես միլիարդ ամերիկյան դոլար: Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով, 2014-ին Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն կազմել է 470 միլիոն ամերիկյան դոլար` 2013 թվականի 458 միլիոնի համեմատ:

1958 թվականին հիմնադրված հեղինակավոր այս կառույցը, որ հիմնականում զբաղվում է ռազմական ոլորտի հետազոտություններով, այսօր հրապարակած ամենամյա զեկույցում արձանագրում է. - «Հաշվի առնելով այն լարվածությունը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառով առկա է Ադրբեջանի հետ հարաբերություններում, Հայաստանի Զինված ուժերը հիմնականում կենտրոնացած են տարածքային պաշտպանության խնդիրների լուծման վրա»:

Անդրադառնալով հայաստանյան Զինված ուժերի որակական հատկանիշներին՝ զեկույցի հեղինակները նկատում են. - «Ժամկետային զինծառայության պրակտիկան պահպանվում է, դրան զուգահեռ, սակայն, գնալով աճում է պրոֆեսիոնալ սպաների քանակը»:

Բրիտանացի մասնագետները որպես հայկական բանակում առկա հիմնական խնդիր մատնանշում են ռազմական ավիացիայի տեխնիկական վիճակը, - «Սպառազինության և սարքավորումների մեծ մասը ռուսաստանյան ծագում ունի: Ռազմաօդային ուժերի համար խնդրահարույց է աստիճանաբար հնացող ինքնաթիռները պատշաճ վիճակում պահելն ու դրանց [տեխնիկական] սպասարկումն իրականացնելը»:

Դրա հետ մեկտեղ, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի մասնագետների, հայկական Զինված ուժերը կարողանում են հաջողությամբ համադրել ռուսաստանյան և արևմտյան փորձը:

«Թեև Հայաստանի որդեգրած ռազմական հայեցակարգն ընդհանուր առմամբ շարունակում է ռուսական լուրջ ազդեցություն կրել, մասնակցությունը արտերկրում իրականացվող գործողություններին, մասնավորաբար, Աֆղանստանում տեղակայված ISAF զորախմբում ծառայությունը հնարավորություն է տալիս հայ զինծառայողներին որոշակի փորձ ձեռք բերել նաև արտերկրի գործընկերների օգնությամբ», - նշում են զեկույցի հեղինակները` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի զինված ուժերի կազմում գործող խաղաղապահ ստորաբաժանման շուրջ զարգացումներին:

«Հայաստանի նպատակը խաղաղապահ զորախմբի զարգացումն է մինչև Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին համապատասխանող մեկ բրիգադի չափերի: Դա թույլ կտա Հայաստանին ՆԱՏՕ-ի հետ համագործակցելուն ընդունակ ինքնաբավ մեկ գումարտակի տեղակայում իրականացնել», - նշում են զեկույցի հեղինակները` ակնարկելով, սակայն, որ դաշինքի հետ համագործակցության խորացումը չի նշանակում հարաբերությունների խզում Մոսկվայի հետ:

«Պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ կապերը շարունակում են խնդիրների բավական լուրջ շրջանակ ընդգրկել: 2014-ին երկու երկրները համագործակցության համաձայնագիր են ստորագրել այս ոլորտում», - նշված է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած զեկույցում: Բրիտանացի մասնագետների հեղինակած փաստաթղթում նաև մանրամասնորեն ներկայացված է այն զինանոցը, որին տիրապետում են աշխարհի տարբեր պետությունները, այդ թվում Հայաստանը:

Զեկույցից տեղեկանում ենք, որ Հայաստանն ունի մարտավարական նշանակության այնպիսի զինատեսակներ, ինչպիսին են «Տոչկա» և «Էլբրուս» (Արևմուտքում առավելապես հայտնի է որպես SCUD) տեսակի բալիստիկ հրթիռներ: Հիշատակված են նաև հայրենական արտադրության «Կռունկ» տեսակի անօդաչու սարքերը, որոնց ընդհանուր քանակը, ըստ բրիտանացի մասնագետների, հասնում է 15-ի:

Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա անցած տարի Բաքվի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի, կազմել է 2 միլիարդ 110 միլիոն ամերիկյան դոլար` 2013-ի 1 միլիարդ 950 միլիոնի համեմատ:

Գնահատելով ադրբեջանական զինված ուժերում տիրող ընդհանուր կացությունը` բրիտանացի փորձագետները գրում են. - «Թեև Ադրբեջանը դեռ պետք է հաջողությամբ անցում կատարի խորհրդային մոդելից, նավթի վաճառքից ստացվող եկամուտների աճը հնարավորություն է տալիս երկրին ավելացնել պաշտպանական ոլորտի ծախսերը: Դա էլ իր հերթին թույլ է տալիս Ադրբեջանին այնպիսի զինատեսակներ ձեռք բերել, ինչպիսին են, օրինակ, ռուսական С-300 տեսակի հրթիռային կայանքները: Դրա հետ մեկտեղ, սակայն, հստակ չէ, թե որքանով է ժամանակակից նման զինատեսակների ձեռքբերումը նպաստում ադրբեջանական բանակի ընդհանուր օպերատիվ կարողությունների աճին»: «Ժամկետային զինծառայությունը շարունակում է ուժի մեջ մնալ, և պատրաստվածության մակարդակը զորամասերում տարբեր է», - նշում են զեկույցի հեղինակները` հավելելով. «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ևս խնդիրներ ունեն մարզումների և տեխնիկական սպասարկման հետ կապված: Բացի այդ, զինված ուժերն ի վիճակի չեն համադրված օժանդակություն ցուցաբերել արտերկրում իրականացվող գործողություններին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---