Իրաքցի քրդերը շրջապատել են ԻՊ կողմից վերահսկվող Մոսուլը

Իրաքցի քրդերը շրջապատել են ԻՊ կողմից վերահսկվող Մոսուլը

PanARMENIAN.Net - Քրդական ռազմականացված կազմավորումների մարտիկները («փեշմերգա») երեք կողմից շրջապատել են Իրաքի Մոսուլ քաղաքը, որը գտնվում է ահաբեկչական «Իսլամական պետության» հսկողության տակ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունն իրանական Fars News Agency-ի վրա հղումով:

Մոսուլի շրջափակումն իրականացվում է այդ քաղաքն ԻՊ գրոհայիններից ազատագրելու ավելի վաղ մշակված ծրագրի շրջանակում:

«Վերջին մի քանի ամսում «փեշմերգաները» կարողացան զգալի արդյունքների հասնել արևելքում, արևմուտքում և հյուսիսում գտնվող տարածքների ազատագրման գործում: Այդպիսով, մեր գործողությունների արդյունքում ԻՊ խմբավորումն ամբողջությամբ կտրվել է այդ շրջաններից»,-հայտարարել է փեշմերգայի գլխավոր շտաբի պետ Ջամալ Մուհամեդը:

Գեներալը հայտնել է նաև, որ իր ջոկատներն այժմ գտնվում են քաղաքի մատույցներում: «Ռազմաճակատի որոշ հատվածներում մենք մոտեցել ենք Մոսուլին 10-15 կմ: Մեր հսկողության տակ են գտնվում Էսկի և Էլ Կազակ շրջանների բոլոր կամուրջները, որոնցով ապահովվում էր տրանսպորտային կապը Մոսուլի և Թել Աֆարի միջև»,-հավելել է նա: Այժմ քրդերի ջոկատները պայքարում են ԻՊ ահաբեկիչների դեմ նաև Իրաքյան Քրդստանի սահմաններից դուրս: Քրդերն արդեն փաստացի վերահսկում են նավթով հարուստ Քիրկուկ գավառը:

Իրաքյան Քրդստանը, որի սահմաններն ըստ Իրաքի սահմանադրության անցնում են Դահուկ, Էրբիլ և Սուլեյմանիե գավառներով, հավակնում է ընդլայնել իր տարածքը Քիրկուկի, ինչպես նաև Նինվեի (մայրաքաղաքը՝ Մոսուլ) և Դիալի հաշվին, որոնք քրդերի պատմական բնակության վայրերն են:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քրդստանի ինքնավարության միջև կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունել է Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին և նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։

Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրեց ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը և ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց Իրաքի հյուսիսում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, և վերահաստատեց Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին։

Ավելի վաղ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով քրդերենից և արաբերենից բացի հայերենը, թուրքմեներենը եւ ասորերենը դառնում են պաշտոնական լեզու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---