11 տարի է անցել Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից

11 տարի է անցել Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից

PanARMENIAN.Net - 11 տարի առաջ՝ 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին:

Հունգարիաում Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց ցմահ բանտարկության՝ առաջիկա 30 տարիներին առանց ներման իրավունքի:

Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին, որտեղ Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին: Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց նրան ներելու մասին, վճարեց 8 տարվա աշխատավարձը, բնակարան նվիրեց և բարձրացրեց նրա զինվորական կոչումը: Ի պատասխան Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ինչպես պնդում է Բուդապեշտը, մինչև Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանը Հունգարիային երաշխիքներ էր տվել, որ նրա ցմահ ժամկետը դատարանը կարող է փոխել ազատազրկման այլ ժամկետով կամ պայմանական պատիժով միայն առնվազն 25 տարի բանտում անցկացնելուց հետո: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովն արտահանձնվել է 2-3 մլրդ եվրո գումարի հունգարական պետպարտատոմսերը գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը հերքում է այդ մեղադրանքները: Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարեց, թե «Սաֆարովը պետք է օրինակ ծառայի ադրբեջանցի երիտասարդների համար», նաև հիշատակել Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ հայերին պետք է Ղարաբաղում սպանել, ինչպես նաև ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչի այն արտահայտությունը, թե նման դեպք կարող է նաև ԵՄ կատարվել, քանի որ «վրեժի կացինը սպառնում է ամեն մի հայի»:

2012-ի օգոստոսի 31-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեc Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: «Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունը 2012-ի օգոստոսի 31-ին հայտարարել է հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար 2004-ի փետրվարի 19-ին ձերբակալված և ցմահ ազատազրկման դատապարտված ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան փոխանցումն արտոնելու մասին: Ընդունելով նման որոշում` նախարարությունը հղում է կատարել 1983-ի Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիային: Հայաստանի իշխանությունները Հունգարիայի կառավարությանը բազում առիթներով տեղեկացրել են Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունը Ադրբեջանի պետական մակարդակով` ներառյալ նախագահի, փառաբանելու և արդարացնելու մասին:

Հունգարիայի կառավարությունը չէր կարող տեղյակ չլինել Ադրբեջանի իշխանությունների տարբեր մակարդակներում հնչեցրած բազում հայտարարություններին, որոնք պետք է որ բավարար հիմք հանդիսանային կասկածի ենթարկելու Ադրբեջանում դատավճռի իրականացման շարունակմանը: Ուստի, Հունգարիայի կառավարությունը պետք է կանխատեսեր Ռամիլ Սահիբ Սաֆարովի փոխանցման վերաբերյալ կայացրած իր որոշման հետևանքները, որի արդյունքում արդյունավետ կերպով դադարեցվեց սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ արդարադատության իրականացումը: Հունգարիայի կառավարությունն, այսպիսով, կիսում է ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության վերոնշյալ որոշումը որպես ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է Հայաստանի և Հունգարիայի միջև առկա գործընկերային լավ հարաբերությունները: Այսօր Հայստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` Հայաստանի կառավարության որոշման մասին»,- ասվում էր Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Համաշխարհային հանրությունը խիստ քննադատության ենթարկեց Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման համար, իսկ Բաքվին՝ նրան ապօրինի ազատելու համար: ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտեց Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը: Հանձնաժողովն այն որակեց որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»: Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան «նախատեսված չէ դատապարտյալներին հայրենիքում ազատ արձակելու համար»:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը միշտ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ, սակայն Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի:

Ավելի ուշ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փակ կուսակցական նիստում խոստովանել էր, որ որոշում է կայացրել մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նրան ազատելու են: Կուսակցական նիստում Օրբանը հայտարարել էև, որ կուսակիցներն ու խորհրդականներն իրեն բազմիցս զգուշացրել են նման քայլի հետ կապված ռիսկերի մասին, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել էր այդ որոշոմը որպես ադրբեջանցիների օգտինժեստ հետագայում Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուների ապահովելու համար: Օրբանը նաև խոստովանել էր, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն կարծում էր, թե Սաֆարովին մի քանի ամիս անց կազատեն «առողջական վիճակի պատճառով»:

Հունգարիայի ՍԴ նախագահ Պետր Պաչոլայը Հայաստան ակցելության ժամանակ ասաց. «Որքան ես գիտեմ, դա միանգամայն անկակնկալ էր Հունգարիայի իշխանությունների համար: Իմ և Հունգարիայի անունից ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից այս գործի հետևանքով առաջացած խնդրի համար»:

Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին Օրբանին անվանել էր «բարոյազուրկ» և կոչ արել հրաժարական տալ: Ինչպես հայտարարել էր Մեշտերհազին, Օրբանը պետք է անձնական պատասխանատվություն կրի իր որոշման հետևանքով առաջացած սկանդալի համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---