Եվրոպան քննարկում է իսլամի մասին նոր օրենքը. Մահմեդականների իրավունքների ընդլայնո՞ւմ, թե խտրականություն

Եվրոպան քննարկում է իսլամի մասին նոր օրենքը. Մահմեդականների իրավունքների ընդլայնո՞ւմ, թե խտրականություն

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ Ավստրիայի խորհրդարանը նոր օրենք ընդունեց իսլամի մասին, որով ընդլայնվում են մահմեդականների իրավունքները: Գլխավոր խնդիրներից մեկը արտերկրից մահմեդական կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման կասեցումն է:

Ծայրահեղ իսլամի տարածման կանխարգելման ավստրիական փորձն արդեն հետաքրքրել է մյուս եվրոպական երկրներին, առաջին հերթին Ֆրանսիային ու Գերմանիային: Թուրքիայում նոր օրենքը քննադատել են, գրում է նոր օրենքի մասին «Կոմերսանտ» թերթը:

Ավստրիայի խորհրդարանի հավանությանն արժանացած փաստաթուղթն, ըստ էության, դեռևս 1912 թ. Ավստրո-Հունգարիայում Բոսնիայի ու Հերցոգովինայի անեքսիայից մի քանի տարի անց ընդունված իսլամի մասին օրենքի նոր վարկածն է:

Իսլամը որպես երկրում պաշտոնապես ճանաչված կրոն ամրագրող օրենքը Ավստրիան հանդուրժողականության տիպար դարձրեց Եվրոպայում:

Ինչպես նշում է պարբերականը, այսօր 8,5 մլն բնակչությունից Ավստրիայում իսլամ է դավանում մոտ 7 տոկոսը: Օրենքի նոր վարկածը, որի նախաձեռնողն իշխող կոալիցիան է, ընդլայնում է մահմեդական փոքրամասնության իրավունքներն ու հավանության է արժանացել երկրի առաջատար մահմեդական կազմակերպությունների կողմից: Իսլամ դավանողների համար սահմանվում են լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր կրոնական տոների ժամանակ, իմամների ուղեկցություն, ինչպես նաև հատուկ սնունդ բանակում, բանտերում, հիվանդանոցներում ու ծերանոցներում:

Սակայն, ոչ բոլորն ուրախությամբ ընդունեցին նորարարությունը: Այդպես, գրում է թերթը, Ավստրիայի և այլ եվրոպական երկրների մահմեդական կազմակերպությունները քննադատաբար են վերաբերվում նոր օրենքին ու մյուս նորարարություններին, քանի որ այժմ իշխանությունները պահանջում են իմամներից գերմաներենի իմացություն, լոյալ վերաբերմունք Ավստրիային, նրա օրենքներին ու արժեքներին, ինչպես նաև պետական ատեստավորում: Այդ նպատակով Վիեննայի համալսարանում արդեն հաջորդ տարի կստեղծվի իսլամական աստվածաբանության կենտրոն: Բացի այդ, նախատեսվում է հաստատել Ղուրանի պաշտոնական թարգմանությունը գերմաներեն:

Ամենավիճահարույցը նոր օրենքում արտերկրից մահմեդական կազմակերպությունների ֆինանսավորման արգելքն է: Թեև օրենքին հավանություն են տվել Ավստրիայի հիմնական մահմեդական կազմակերպությունները, Ավստրիայի թուրքերի միությունը (ATIB) և Մահմեդական երիտասարդների կազմակերպությունը (MJOE) հայտարարել են, որ բողոք կներկայացնեն Սահմանադրական դատարան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ինչպես ասվում է նյութում, օրենքը քննադատել է նաև Թուրքիայի Կրոնական գործերի վարչության ղեկավար Մեհմեդ Գերմեզը, հայտարարելով ORF-ին տված հարցազրույցում, որ վախենում է, թե նոր օրենքը 100 տարով հետ կշպրտի Ավստրիան քաղաքակրթական ազատության առումով:

Վիեննայի հասցեին խիստ քննադատությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը մեղադրեց Ավստրիային սնահավատությանը տուրք տալու և Եվրամիության իրավական նորմերը խախտելու մեջ:

Ավստիայի ԱԳ և ինտեգրման նախարար Սեբաստիան Կուրցը հակադարձեց. «Մեր խնդիրն է ստեղծել ավստրիական երանգի իսլամ: Նույնքան տարօրինակ կլիներ, եթե Գերմանիայի կանցլերը հոգևորականների գործուղեր այստեղ, որոնք կշարունակեին մնալ Գերմանիայի պաշտոնյաներ»:

Ըստ Կուրցի, իրեն արդեն հրավիրել են պատմելու ծայրահեղական իսլամի տարածման դեմ կանխարգելման միջոցների մասին Գերմանիան, Ֆրանսիան և Շվեյցարիան:

Իր հերթին ավստրիացի պատգամավոր Էֆգենի Դենմեզը հիշեցրել է գրմանական ARD-ին տված հարցազրույցում, որ «Ասվտրիայում բազում են արտերկրից, այդ թվում Թուրքիայից ու Սաուդյան Արաբիայից կառավարվող միավորումներն ու մզկիթները: Սակայն, ըստ քնադատների, այս սահմանափակող միջոցները, որոնք բացառապես մահմեդականներին են վերաբերվում, խտրական են:

«Այն, ինչին ձգտում է Ավստրիան, ամբողջ Եվրոպայի երազանքն է,-վստահ է գերմանական պահպանողական Frankfurter Allgemeine Zeitung թերթի մեկնաբան Վերներ Հերմանը:-Օրենքը որոշում է մահմեդականների կրոնական կյանքի շրջանակները և նրանց ինտեգրումը ավստրիական հասարակություն: Իսկ այն, որ պետական նորմերը վեր են դասվում կրոնական նորմերից և մահմեդականներից ակնկալում են բնակության երկրի հանրության ու պետության ճանաչում, դա նորմալ է», գրում է «Կոմերսանտը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---