Օբամա. Իրանի միջուկային ծրագիրը պետք է սառեցնել առնվազն 10 տարով

Օբամա. Իրանի միջուկային ծրագիրը պետք է սառեցնել առնվազն 10 տարով

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի կնքումը հնարավոր է, եթե Իրանը սառեցնի այն առնվազն 10 տարով: Այդ մասին մարտի 2-ին Reuters-ին է հայտարարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը պետք է պահպանի իր ծրագիրն այն վիճակում, որն առկա է, առաջիկա մի քանի տարիներին՝ «երկնիշ թվով», որպեսզի հնարավոր լինի համոզվել, որ երկիրը միջուկային զենք չունի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Եթե մենք ունենանք այդ ժամանակը, և հնարավորություն ստանանք սա ստուգելու, հարկ չի լինի այլ քայլեր ձեռնարկել, որոնք կհամոզեին մեզ, որ Իրանը միջուկային զենք չունի»,-հայտարարել է Օբաման:

Հարցազրույցում Օբաման նաև կասկած է հայտնել վերջնական համաձայնության գալու համար անհրաժեշտ պայմաններն ընդունելու Իրանի պատրաստակամության վերաբերյալ: Ըստ ԱՄՆ նախագահի, զիջումների գնալու Իրանի համաձայնությունը միջուկային ծրագիրը վերահսկելու լավագույն միջոցը կլինի և ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողությունների դիմելու կարիք չեն ունենա:

Օբաման նշել է նաև, որ իր դիրքորոշումն այդ հարցում տարբերվում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի դիրքորոշումից:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարեց, որ Սպիտակ տունը հուսով է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում չի խանգարի Իրանի հետ բանակցություններին:

Իսրայելի վարչապետը բացահայտ քննադատության արժանացավ ԱՄՆ վարչակազմի կողմից, որը հայտարարեց խախտումների մասին: Նեթանյահուն հոռետեսորեն է տրամադրված Իրանից միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին երաշխիքներ ստանալու հարցում: Նա ԱՄՆ իր այցն անվանեց պատմական առաքելություն, որը կոչված է խանգարելու Իրանի հետ միջուկային գործարքին:

Սպիտակ տունը կարծում է, որ միջազգային «վեցյակի» բանակցությունները Թեհրանի հետ պետք է շարունակել, նշում է ՌԻԱ Նովոստին:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Մեկ տարի անց համաձայնագիր դեռ մշակված չէր, գոյություն ունի միայն «գործողությունների միջանկյալ պլան»: Կողմերը երկարացրել են բանակցությունները մինչև 2015-ի հունիսի վերջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---