Եվրատեսիլ 2015. Առաջին կիսաեզրափակչում Genealogy-ն ելույթ կունենա 2-րդը (վիդեո)

Եվրատեսիլ 2015. Առաջին կիսաեզրափակչում Genealogy-ն ելույթ կունենա 2-րդը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ելույթ կունենա 2-րդ համարի ներքո, տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա, Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, որի ընթացքում պետությունները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող:

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանով: Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը՝ Face The Shadow («Առերեսվի՛ր ստվերին») խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ` կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկիր:

Վիեննայում մարտի 16-ին կայացել է «Եվրատեսիլ 2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրի ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանը:

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո Face The Shadow (թարգ.՝ «Առերեսվի՛ր ստվերին»): Մինչև այդ Հայաստանի երգը կոչվում էր Don't Deny (թարգ.՝ «Մի ժխտիր»):

Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաև ուժեղացնելու խաղաղության, սիրո և միասնության գաղափարը: Genealogy խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր մարտի 12-ին. բացի այդ, հայտնի էր դարձել նաև, որ խմբի 6-րդ մասնակիցը Հայաստանից Ինգա Արշակյանն է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---