Բրյուսելը մերժեց. Հունաստանին 1,2 մլրդ եվրո չեն տրամադրի

Բրյուսելը մերժեց. Հունաստանին 1,2 մլրդ եվրո չեն տրամադրի

PanARMENIAN.Net - Բրյուսելը մերժել է Հունաստանին 1,2 մլրդ եվրո տրամադրելու հարցում: Եվրոյի գոտու երկրները իրավական հիմքեր չեն գտել Աթենքին միջոցներ հատկացնելու համար: Միևնույն ժամանակ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF) ներկայացուցիչը հայտարարել է, որ աշխատանքային խումբն, այնուամենայնիվ, կքննարկի հարցը և հանձնարարականներ կպատրաստի եվրոյի գոտու ֆինանսների նախարարների հերթական հանդիպմանն ընդառաջ:

Ավելի վաղ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կասեցրեց հունական բանկերի ֆինանսավորումը: Այդ առնչությամբ երկրի ֆինանսական ինստիտուտները միջոցների սուր պակաս են զգում, քանի որ անորոշության պայմաններում ավանդատուներից շատերը հանում էին դրամական միջոցները հաշվեհամարներից: Դրամական միջոցների ներհոսքը սպառվեց, երբ ԵԿԲ-ն ընթացիկ տարվա փետրվարի 11-ից դադարեց հունական պետական պարտատոմսեր ընդունել որպես վարկի գրավ, հայտնում է DW-ն:

Տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին ավելի վաղ հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հնարավոր է համարում Հունաստանի դուրս գալը եվրոյի գոտուց, սակայն հասկանում է, որ դա բացասական հետևանքներ կունենա արժութային միության համար:

Նա հավելել է, որ ԵՀ-ն չի ձգտում ցանկացած գնով պահել Հունաստանին եվրոյի գոտում: Երկիրը կմնա միության կազմում, եթե Աթենքը կատարի եվրոյի գոտու պահանջներն ու նորմերը: Մոսկովիսին նշել է, որ արժութային միության փլուզումը կվնասի բոլոր անդամներին, իսկ ամենամեծ վնասը կկրի Գերմանիան:

Փետրվարի 24-ին եվրախումբը հավանություն տվեց հունական բարեփոխումների ծրագրին և երկարացրեց Աթենքի ֆինանսական աջակցության ծրագիրը մինչև 2015-ի հունիսը: Հունաստանի կառավարությունը չի ցանկանում բանակցել Եվրամիության և ԱՄՀ ֆինանսական աջակցության շուրջ, քանի որ դա պահանջում է խիստ տնտեսման ռեժիմ: Հունաստանի ընդհանուր պարտքը կազմում է 320 մլրդ եվրո:

Մարտի 16-ին Հունաստանը ԱՄՀ-ին փոխանցեց հերթական 581 մլն եվրոն իր պարտքի դիմաց, գրում է «Փրայմը», «Վիմա» թերթի կայքի վրա հղումով:

Հաջորդ վճարումը մարտի 20-ին է՝ պետք է փոխանցվի 348 մլն եվրո: Բացի այդ, մարտի 20-ին պետք է մարվեն եռամսյա գանձապետական պարտատոմսերը 1,6 մլրդ եվրոյի:

Երբ 2010-ին սկսվեց պարտքային ճգնաժամը, Աթենքը ստիպված եղավ դիմել արտաքին ֆինանսական օգնության: Երկու տարի անց Հունաստանը համաձայնության եկավ վարկատուների եռյակի հետ ի դեմս ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի: Ուստի, Աթենքին բազմամիլիարդանոց վարկեր տրամադրվեցին, մարվեց մասնավոր վարկատուների առջև նրա պարտքերի կեսը, իսկ փոխարենը մի շարք պահանջներ առաջադրվեցին, ինչպիսիք են խիստ տնտեսման միջոցները, մոտ 50 մլրդ եվրոյի պետական ակտիվների սեփականաշնորհումը մինչև 2015-ի ավարտը, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---