Պարտադիր կհամարվի ոչ թե 9, այլ 12-ամյա կրթությունը. Փոփոխություն «Հանրակրթության մասին» օրենքում

Պարտադիր կհամարվի ոչ թե 9, այլ 12-ամյա կրթությունը. Փոփոխություն «Հանրակրթության մասին» օրենքում

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մարտի 26-ին, Ազգային ժողովում ներկայացրել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը և այն որակել կրթական լրջագույն փոփոխություններից մեկը:

Նախագծով պարտադիր կհամարվի ոչ թե 9, այլ 12-ամյա կրթությունը: Նախարարը նշել է, որ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ, որը հիմնական կրթության մակարդակն է, սակայն Սահմանադրությունը թույլ է տալիս պարտադիր կրթության շեմն ավելի բարձրացնել, գրում է Tert.am-ը:

«Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ, այդ շեմը ձևակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում գտնվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա՝ լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով միջնակարգ և ավագ դպրոցներում կամ նախնական ու միջին մասնագիտական, ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ»,- բացատրել է նախարարը և հավելել, որ մասնագիտական կրթությունը լինելու է անվճար:

Նա ընդգծել է, որ այս փոփոխությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների առկայությունը:

Քննարկմանն արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահ, նախկինում երկար տարիներ դպրոցի տնօրեն աշխատած Գալուստ Սահակյանը. «Թվում է, թե ամենահեշտ, դյուրըմբռնելի օղակն է դպրոցը, բայց այն նուրբ օրգանիզմ է»:

Գալուստ Սահակյանը հիշել է այն ժամանակները, երբ դպրոցում ցուրտ էր և հնարավոր չէր դասեր անցկացնել, երբ ուսուցիչը 3000 դրամ աշխատավարձ էր ստանում և նշել, որ այսօր քայլ առ քայլ փորձում են խնդիրները լուծել:

«12-ամյա կրթությունը պարտադիր ենք ուզում դարձնել։ Ի՞նչ ենք ուզում այստեղ շահել. մեր 9-րդ դասարանի երեխաների մոտավորապես 60%-ը, որ ավարտում են 9-րդ դասարանը, առավոտը վեր են կենում, կանգնում են իրենց բակում, հետո բակից մի ուրիշ տեղ ու այդպես շարունակ: Դպրոցի գործոնը միայն գիտելիքը չէ, դաստիրակությունն է, երեխաների համար միջավայր չկա ուրիշ, նրանք պիտի մնան դպրոցում, պիտի կարողանան շփվել ուսուցչի հետ, պիտի կարողանա շփվել հասակակիցների հետ, սա միջավայր է ուրիշ»,- ասել է նա:

Ըստ ԱԺ նախագահի՝ դպրոցն ԱԺ-ում քննարկելու բան չէ, և եթե պատգամավորները դեմ են այս նախագծին, ապա կարող են իրենց առաջարկներն այս ընթացքում ներկայացնել նախարարություն, քանի որ նախագծի քվեարկությունը հաջորդ քառօրյայի ժամանակ է լինելու: Սահակյանը նաև հորդորել է «մշտապես քննադատող բարեկամներին «հրաշք» բարեփոխումներ իրականացնելու համար դասաժամեր վերցնել ու դասավանդել դպրոցներում», իսկ օրենքը չհետաձգել:

«Հետաձգելուց հետո գնալու ենք դպրոցում բարեփոխիչնե՞ր աշխատենք, այնպես որ հաջորդ քառօրյային քվեարկելու ենք այն տեսքով, ինչ տեսքով, որ ներկայացրել է կառավարությունը: Ձեր կրքերի հաշվին մի նվաստացրեք դպրոցը»,- եզրափակել է նա:

«Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին ՕԵԿ-ը դեմ է և առաջարկում է նախագիծն անժամկետ հետաձգել: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խոսել է որպես նախկին մանկավարժ և հարց ուղղել դահլիճում նստած կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին. «Աղջիկ երեխա է, ուզում է 18 տարի սովորի ու ամուսնանա, էդ ո՞նց եք պատկերացնում, պետք է գնա՝ կառավարության թույլտվությունը վերցնի, որ ամուսնանա՞»:

Բիշարյանը նշել է, թե ինքը դպրոցին շատ մոտ կանգնած մարդ է և միանշանակ գիտի, որ չի կարելի 19 տարեկանին պարտադրել գնալ դպրոց: Նրա խոսքով, եթե պարտադրվում է, ապա պարտավոր են այնպիսի միջավայր ստեղծել, որ երեխան գնա լաբորատորիաներ, սովորի նոր տեխնոլոգիաներ և այլն, ինչը չկա:

Հեղինե Բիշարյանը նկատել է, թե նախորդ օրենքով, ըստ որի պարտադրվում էր 9-ամյա կրթություն, նշվում էր, որ ծնողների իմացությամբ երեխան կարող է դուրս գալ դպրոցից, մինչդեռ նոր օրենքով՝ դա պետք է կառավարությունը որոշի:

«Կներեք, բայց ես ծնող եմ ու չեմ ուզում կամ երեխան չի ուզում 19 տարեկանում դպրոց գնալ, կամ էլ սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, պարտադրելը ո՞րն է: Չի կարելի 19 տարեկան կայացած մարդուն պարտադրել միջնակարգ դպրոց ավարտել»,- ասել է նա:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ողջունում է կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, սակայն համոզված է, որ այն չի կարող հաջողության հասնել:

«Գաղափարը լավն է, իրականացնելը՝ այսօրվա վիճակով անհնար։ Ավագ դպրոցի ներդնումը շատ լավ գաղափար է, բայց երբ պատրաստ չես ներդնել, դա վնաս է բերում, ոչ թե օգուտ»,- ասել է Մանուկյանը և ընդգծել, որ մի քանի ամիս առաջ այս փաստաթուղթն այլ տեսք ուներ, սակայն այժմ բերվել է ուրիշ փաստաթուղթ:

«Թեպետ հիմա էլ նույն խնդիրները մնացել են օդից կախված»,-ասել է նա և ավելացրել, որ ֆիզիկական ու տեխնիկական իրականացման հնարավորություն չկա. «350 դպրոց ունենք, որտեղ 12-ից ավելի աշակերտ չկա, էդ ո՞նց եք 12-ամյա կրթությունը սարքում պարտադիր, 109 ավագ դպրոցներից միայն 9-ն է գյուղական համայնքներում, ինչպե՞ս եք դա իրականացնելու, սիրուն գաղափարը կարելի է տալ, ջարդուփշուր անել, երբ դասագրքային ռեսուրսով այդ խնդիրը դեռ պատրաստ չէ։ Ինձնից ազատական չլինեք, բայց հանրակրթությանը պետք է զգույշ մոտենալ»:

Արամ Մանուկյանը շեշտել է, որ 19 տարեկան քաղաքացին լիարժեք քաղաքացի է, որին հնարավոր չէ պարտադրել։ «Սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրում 19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի քո պարտադիր կրթության վրա։ Սա դառնալու է կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց, որ պարտադրեն, խեղճացնեն քաղաքացուն, չի կարելի 19 տարեկան քաղաքացուն պարտադրել։ Դուք կասեք կրթության իրավունքը գերակա է, բայց ապահովեք, ոչ թե պարտադրեք։ Դուք ծրագրի մասին պետք է խոսեք, պետությունը պետք է երաշխավորի ծրագիր, որն ապահովի կրթության իրացումը»,- ասել է նա:

Պատգամավորի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ է օրենքը հրատապ երկրորդ ընթերցմամբ քննարկվում. «Որերորդ անգամ եմ ասում՝ կրթության համակարգում մի՛ արեք այսպիսի բաներ, հրատապ արած բարեփոխումները վնասում են։ Այստեղ ավելի շատ սոցիալական խնդիր կա, քան կրթական, եթե կոշիկով ու շորով չենք կարողանում ապահովել, ո՞նց ենք պարտադիր սարքում 12-ամյա կրթությունը»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---