A-320-ի աղետը. Քննիչները «կարևոր բացահայտում» են արել 2-րդ օդաչուի տան խուզարկության ժամանակ

A-320-ի աղետը. Քննիչները «կարևոր բացահայտում» են արել 2-րդ օդաչուի տան խուզարկության ժամանակ

PanARMENIAN.Net - Airbus A-320 օդանավը միտումնավոր կործանելու մեջ կասկածվող երկրորդ օդաչու՝ Անդրեաս Լյուբիցի տանը կատարված խուզարկությունը թույլ է տվել քննիչներին «կարևոր բացահայտում» անել:

Ոստիկանները հայտարարել են, թե հավանաբար գտել են այն «բանալին», որը թույլ կտա հասկանալ ողբերգության պատճառները: Իրավապահները մանրամասներ չեն հաղորդել, հայտնում է Լենտա.ռու-ն բրիտանական Mirror-ի վրա հղումով:

Մինչդեռ, ինչպես Frankfurter Allgemeine թերթին է հայտնել Լյուբիցի համակուրսեցու մայրը, երիտասարդը մի քանի տարի առաջ տառապել է լուրջ դեպրեսիայից և նույնիսկ ստիպված է եղել որոշ ժամանակով ընդհատել ուսումը: Նա կարծում է, որ օդաչուի գործողությունները «չէին կարող միտումնավոր» լինել, և ամեն ինչ ինքնաբուխ է եղել:

Ինչպես ենթադրում են քննիչները, Germanwings-ի ինքնաթիռի կործանումը մարտի 24-ին տեղի է ունեցել ինքնաթիռի երկրորդ օդաչու 28-ամյա Անդրեաս Լյուբիցի մեղքով: Նա, մենակ մնալով օդաչուների խցիկում, երբ հրամանատարը դուրս է եկել, փակել է դուռը, որպեսզի նա չկարողանա վերադառնալ: Փակվելով խցիկում Լյուբիցը սկսել է նվազեցնել բարձրությունը, արդյունքում ինքնաթիռը կործանվել է, 150 ուղևորները՝ մահացել:

«Այս վարկածն ամենահավանականն է քննության այս փուլում», մարտի 26-ին հայտարարեց Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը: Ըստ Ռոբենի, թռիչքի առաջին 20 րոպեներին երկու օդաչուները նորմալ շփվել են: Երբ հրամանատարը դուրս է եկել խցիկից, երկրորդ օդաչուն արգելափակել է դուռը: Հրամանատարը փորձել է վերադառնալ, սակայն նրան չի հաջողվել: «Խցիկի դուռը կարող էր փակվել միայն միտումնավոր»,-ասել է դատախազը:

Ռոբենը հայտնեց նաև, որ սև արկղից ստացված ձայնագրության մեջ լսվում են դուռը կոտրելու փորձերի ձայներ, կարգավարի ձայնը, ինչպես նաև ինքնաթիռի համակարգերի զգուշացումները հնարավոր բախման մասին: Երկրորդ օդաչուն ոչինչ չի պատասխանել, սակայն նրա նորմալ շնչառությունը լսելի է ընդհուպ մինչև աղետի պահը: Ռոբենը հավելել է նաև, որ կործանված ինքնաթիռի ուղևորները մինչև վերջին պահը չեն գիտակցել, թե ինչ է կատարվում: «Բղավոցներ լսվում են միայն կործանումից անմիջապես առաջ, ամենավերջին վայրկյաններին»,-ասել է Ռոբենը:

Ուղևորների մեծ մասը գերմանացիներ ու իսպանացիներ էին, եղել են նաև ԱՄՆ, Ավստրալիայի, Արգենտինայի, Իրանի, Վենեսուելայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Իսրայելի, Դանիայի, Նիդերլանդների ու Բելգիայի քաղաքացիներ:

Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ ինքնաթիռները միտումնավոր են կործանվել: 2013-ի նոյեմբերին Նամիբիայում ավիավթար տեղի ունեցավ օդանավի հրամանատարի կամքով, որի արդյունքում 33 մարդ զոհվեց: Mozambique Airlines ինքնաթիռը Մոզամբիկից Անգոլա էր թռչում: Հրամանատարը փակվել էր խցիկում, որից հետո, ըստ սև արկղերի տվյալների, 3 փուլով նվազեցրել բարձրությունը և օդանավը կործանվել է:

1999թ. հոկտեմբերին Ատլանտյան օվկիանոսում կործանվեց EgyptAir ավիաընկերության Լոս Անջելես-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռը: 2170 ուղևորները զոհվեցին: Ինչպես պարզեց քննությունը, վթարը պատահական չէր, այլ միտումնավոր և տեղի է ունեցել երկրորդ օդաչուի մեղքով, որը միտումնավոր սկսել է նվազեցնել բարձրությունը, երբ հրամանատարը դուրս է եկել խցիկից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---