Օբաման սատարում է ռազմական գործողությանը Եմենում

Օբաման սատարում է ռազմական գործողությանը Եմենում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սատարել է ռազմական գործողությանը Եմենում Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ աս Սաուդի հետ հեռախոսազրույցում՝ նշելով, որ Եմենում կայունության հնարավոր կլինի հասնել միայն քաղաքական գործընթացի արդյունքում: Այս մասին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանը:

Ըստ նրա, Օբաման ասել է, որ ԱՄՆ-ն սատարում է «Սաուդյան Արաբիայի և արաբական մյուս պետությունների գործողություններին ի պատասխան Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուրի հարցման և որպես աջակցություն Եմենի լեգիտիմ կառավարությանը»: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ «ընդհանուր նպատակն է ամուր կայունության հասնել Եմենում բանակցությունների և ՄԱԿ աջակցության քաղաքական լուծման համար», հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մինչդեռ Իրանն ու Ռուսաստանը դեմ են արտահայտվել ռազմական միջամտությանը:

Եգիպտական Շարմ էլ Շեյխում աշխատանքն է սկսում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովը, որն անցնում է ծայրահեղ լարված, պատերազմական իրավիճակում: Ուշադրության կենտրոնում են Սիրիայի և Լիբիայի հակամարտությունները, Պաղեստինի հարցը, փախստականների խնդիրները ռազմական գործողությունների գոտում և տնտեսական նախագծերը: Սակայն, անկասկած առաջնային է ռազմական գործողությունը Եմենում և համաարաբական զինված ուժերի կազմավորման հարցը:

Մարտի 27-ին Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ աջակցությամբ Պարսից ծոցի Արաբական պետությունների գործակցության խորհրդի մյուս անդամներն ի դեմս Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի և ՄԱԷ-ի, բացառությամբ Օմանի, սկսեցին հարվածներ հասնցել շիա խռովարարների դիրքերին Եմենի տարածքում: Այս կոալիցիային միացան նաև Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը:

Նախօրեին Լիգայի ԱԳՆ Խորհրդի նիստում մասնակիցները «կանաչ լույս» տվեցին այս գործողությանը, որն անվանեցին «Վճռականության փոթորիկ»: Կոմյունիկեում ասվում է, որ արաբական միապետությունները ստիպված են գնացել այդ քայլին «հուսիթներին բազմիցս զգուշացնելուց հետո»: Լիգան հույս է հայտնել, որ ռմբակոծությունների արդյունքում «անվտանգությունը Եմենում կվերականգնվի օրինական իշխանությունների ղեկավարությամբ»:

Հոուսիթների դեմ ագրեսիան սկսվեց այն բանից հետո, երբ նրանք գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Ըստ Սաուդյան Արաբիայի պետական Al Ekhbariya հեռուստաալիքի, Եմենի փախած նախագահը ժամանել է Էր Ռիադ: Ըստ al-Arabiya TV-ի, նախագահը Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ մեկնել է Շարմ էլ Շեյխ: Մարտի 28-ին նա մտադիր է մասնակցել արաբական պետությունների գագաթնաժողովին Եգիպտոսում:

Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հոուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---