Ռուսական ռազմակայանը նոր հրամանատար կունենա

Ռուսական ռազմակայանը նոր հրամանատար կունենա

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը մարտի 30-ից նոր հրամանատար կունենա: Փոփոխությունները ղեկավար կազմում կապված են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության հետ:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Այն մասին, որ ողբերգության հետևանքով կարող են փոփոխություններ կատարվել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանում հայկական ԶԼՄ-ները գրում էին դեռ փետրվարին: Այժմ այդ տեղեկությունը հաստատել է Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի փոխղեկավար Օլեգ Լեբեդևը: Նա չնշեց, թե ով կփոխարինի գնդապետ Անդրեյ Ռուդզինսկուն, սակայն, ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», դա գեներալ-մայոր Ուստինովն է:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

Օրերս ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը խոստովանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դատը կկայանա Հայաստանի տարածքում:

Այդ մասին պատգամավորը հայտարարեց Երևանում՝ Պետդումայի և ՀՀ ԱԺ կոմիտեների համատեղ նիստում: «Ռուսաստանն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետաքննությունն իրականացվի, և իրականացվում է, Հայաստանի տարածքում: Դատը ևս նախատեսվում է Հայաստանի տարածքում, դա Հայաստանի ժողովրդի խնդրանքն է»,-ասել է Պետդումայի պատգամավորը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---