Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար. Ռազմական գործողությունը Եմենում կշարունակվի

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար. Ռազմական գործողությունը Եմենում կշարունակվի

PanARMENIAN.Net - «Վճռականության փոթորիկ» գործողությունը կշարունակվի «մինչև իրավիճակի լիակատար կայանուցումը Եմենում»: Այս մասին հայտարարել է Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Սաուդ ալ Ֆեյսալը:

«Մենք կպաշտպանենք օրինական իշխանություններին ու կշարունակենք գործել մինչև որ հասնենք մեր նպատակին. Եմենի կայունությանը, անվտանգությանն ու միասնությանը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մարտի 30-ին Սալման բեն Աբդել Ազիզը հայտարարեց, որ «Սաուդյան Արաբիայի դռները բաց են միջեմենյան երկխոսության համար»: Նա նշեց, որ խաղաղ բանակցությունների մեկնարկի համար գլխավոր պայման կարող է հանդիսանալ բոլոր զինյալ կազմավորումների զինաթափումը»:

Մինչ ռազմական գործողությունների մեկնարկը՝ մարտի լույս 26-ի գիշերը թագավորության ԱԳՆ-ն մտադիր էր խորհրդաժողով գումարել Էր Ռիադում միջեմենյան երկխոսության հարցով, սակայն շիա խռովարարները, որոնք զավթեցին իշխանությունը Սանայում, հրաժարվեցին: Ավելի ուշ նրանք առաջարկեցին նման հանդիպում կազմակերպել Մասկատում կամ այլ չեզոք երկրում:

Մարտի 30-ին հայտնի դարձավ, որ Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը կոչով դիմել է Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի երկրներին՝ հորդորելով դադարեցնել «օդային գրոհներն ու նպաստել քաղաքական կարգավորմանը»: Ըստ նրա, «բարբարոսկան ռմբակոծություններն անարխիա կառաջացնեն Եմենում»: Սալեհը խորհուրդ տվեց «բոլոր կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստել և երկխոսություն սկսել պաշտպանելու համար Եմենի ինքնիշխանությունը»:

Սալեհը հեռացավ նախագահի պաշտոնից 2012-ին զանգվածային խռովություններից հետո ազգային հաշտեցման մասին գործարքի արդյունքում: Հունվարին նրա կողմնակիցները զինված ուժերում նպաստեցին Սանայում շիա ապստամբների հեղաշրջմանը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սատարել է ռազմական գործողությանը Եմենում Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ աս Սաուդի հետ հեռախոսազրույցում՝ նշելով, որ Եմենում կայունության հնարավոր կլինի հասնել միայն քաղաքական գործընթացի արդյունքում:

Մինչդեռ Իրանն ու Ռուսաստանը դեմ են արտահայտվել ռազմական միջամտությանը:

Մարտի 27-ին Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ աջակցությամբ Պարսից ծոցի Արաբական պետությունների գործակցության խորհրդի մյուս անդամներն ի դեմս Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի և ՄԱԷ-ի, բացառությամբ Օմանի, սկսեցին հարվածներ հասնցել շիա խռովարարների դիրքերին Եմենի տարածքում: Այս կոալիցիային միացան նաև Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը:

Հուսիթների դեմ ագրեսիան սկսվեց այն բանից հետո, երբ նրանք գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Եմենի փախած նախագահը ժամանել է Էր Ռիադ: Ըստ al-Arabiya TV-ի, նախագահը Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ մեկնել է Շարմ էլ Շեյխ: Մարտի 28-ին նա մասնակցել է արաբական պետությունների գագաթնաժողովին Եգիպտոսում:

Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---