«Կինոյի մասին» օրենք. Անընդունելի է, երբ հումորը դառնում է կենսակերպ

«Կինոյի մասին» օրենք. Անընդունելի է, երբ հումորը դառնում է կենսակերպ

PanARMENIAN.Net - «Կինոյի մասին» օրենքն այսօր անհրաժեշտություն է: Օրենքը կհեշտացնի կինոարտադրության, համատեղ կինոարտադրության, հայկական կինոյի տարածման ոլորտներում գործունեությունը և ոչ միայն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Գևորգյանի խոսքով, կինոարտադրական պրոցեսները ակտիվացել են, այդ իսկ պատճառով էլ կարգավորման խնդիր կա: Միաժամանակ Կինոկենտրոնի տնօրենը նշել է, որ առաջարկել է ստեղծել արտոնագրային համակարգ, այսինքն կառույց, որը ֆիլմեր ցուցադրելու իրավունք կտա, նաև կինոդահլիճներում: Հնարավոր է այս առաջարկը չընդունվի, բայց դրա անհրաժեշտությունն էլ կա, գրում է Panorama.am-ը:

Մինչև այս կինոմիջավայրը պասիվ է եղել, իսկ այժմ բավականին ակտիվացել է՝ օրախնդիր դարձնելով նաև համապատասխան օրենք ունենալը, ասել է Գևորգյանը և ավելացրել, որ օրենքը զսպող մեխանիզմ կլինի այն ֆիլմերի համար, որոնք պետական աջակցությամբ են նկարահանվում:

«Սահմանափակող կառույցը ոչ թե միայն սահմանափակի արդեն պատրաստի ֆիլմերի ցուցադրության ժամանակ, այլ հենց պատրատման ընթացքում՝ ով պետք է նկարահանի, ով իրավունք ունի նկարահանի»,- ասել է Ազգային կինոկենտրոնի տնօրենը:

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանն էլ նշել է, որ այսօր կա դեգրադացված հանդիսատես, գնում ու դիտում են այն ցածրորակ ֆիլմերը, որոնք ցուցադրում են, այդկերպ եկամուտ բերելով, հնարավորություն ընձեռելով դրանց ստեղծողներին՝ նկարահանել երկրորդ, երրորդ ֆիլմը: Ըստ նրա, օրենքն առաջին հերթին պետք է նպաստի կինոյում մասնավոր ներդրումներին, պետք է գումար տալ նրանց, ովքեր կարողանում են լավ ֆիլմ նկարահանել, իսկ օրենքն ընդունելուց հետո պետք է ամեն ինչ անել, որ ոչ թե դեկլարատիվ տեքստ լինի, այլ աշխատող օրենք լինի

Կինոդերսան Միքայել Պողոսյանն էլ կարծում է, որ պետք է լիցենզիա տրվի ֆիլմերի ցուցադրության համար: Ըստ նրա, խիստ սահմանափակում չէ, բայց առանց սահմանափակումների, անհնար է երեխաների դաստիարակությունը. «Երբ հումորը դառնում է ապրելաձև, կենսակերպ, ողողում է հեռուստատեսությունն, անընդունելի է»: Դերասանի խոսքով, այսօր ֆիլմ, նկարահանում են նրանք, ովքեր կարողանում են գումար հայթայթել: Մշակույթը, կինոն երկրորդական են համարվում, թեև մշտապես բարձրաստիճան պաշտոնյաներն ամպագորգոռ բառեր են ասում՝ մշակույթը կարևոր է: Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ևս ընդգծել է, որ կինոյի մասին օրենքն այսօր անհրաժեշտ է, իսկ մինչ այժմ չի եղել, որովհետև կինոն լուրջ չեն ընդունել:

2015-ի մարտի 3-ին մշակույթի նախարարությունից հայտարարություն են տարածել «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, նշելով, որ «Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները: Եվ այդ օրըկայացել է հանձնաժողովի առաջին նիստը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---