Քարդաշյանները Հայաստանում. Երևանում զբոսանքի, վարչապետից անմոռուկների և հայերեն խոսելու մասին

Քարդաշյանները Հայաստանում. Երևանում զբոսանքի, վարչապետից անմոռուկների և հայերեն խոսելու մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ի ուշ երեկոյան Երևան ժամանած Քիմ և Քլոե Քարդաշյաններն այսօր՝ ապրիլի 9-ին, զբոսնել են Երևանում, եղել Հաղթանակի զբոսայգում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ ընթացքում քաղաքացիների հետ սելֆիներ անելով ու ինքնագրեր բաժանելով:

«Հայաստա՛ն, մենք այստեղ ենք: Այնքան ուրախ ենք այստեղ լինել և սկսել այս կարևոր ճանապարհորդությունը: Շնորհակալ եմ բոլորին, ով մեզ ողջունեց: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ մեր երկիրն ուսումնասիրելու և համեղ ուտելիք ուտելու»,- Instagram և Twitter սոցցանցերի իր էջերում գրել է Քիմ Քարդաշյանը՝ հրապարակելով Հանրապետության հրապարակում «Մարիոթ» հյուրանոցի դիմաց իրեն սպասող բազմության լուսանկարը:

«Երևանում տեսա «Մայր Հայաստան» հուշարձանը, որը խորհրդանշում է խաղաղություն՝ ուժի միջոցով։ Հուշարձանը կարող է հիշեցնել հայ նշանավոր կանանց, ովքեր զենք են վերցրել և իրենց ամուսինների հետ պայքարել թուրքական զորքերի և քրդական զինվորների դեմ։ Ես կին եմ, լսեք իմ ճիչը։ Երջանիկ եմ, որ այստեղ եմ»,- Instagram-ում գրել է Քլոե Քարդաշյանը:

Ապա նրանց ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ կարևորելով Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը:Վարչապետն ընդգծել է, որ Քարդաշյանները, ինչպես և աշխարհասփյուռ հայությունը, չեն մոռանում իրենց արմատները և պատմական հայրենիք այցելությամբ ավելի ճանաչելի են դարձնում մեր երկիրը Քարդաշյանները նշել են, որ տպավորված են Հայաստանով և մարդկանց ջերմ վերաբերմունքով, տեղեկացրել են, որ նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով՝ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու և նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով:

Քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին և երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար և նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ: Քարդաշյաններն ընդգծել են, որ այսուհետ ևս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար և կարևորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Քարդաշյան ընտանիքի անդամներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներ է նվիրել:

Իսկ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Քարդաշյանն ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություն է, և մենք հպարտ պիտի լինենք: Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանն է: Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ, որ մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցույց տանք»:

Հարցին, թե կիսում է տեսակետը, որ հայտնի հայուհին այս մի քանի ժամերի ընթացքում ավելի շատ գործ արեց՝ կապված Հայոց ցեղասպանության ու Հայաստանի ճանաչվածության հետ, քան իշխանություններն ու դիվանագետներն են անում տարիների ընթացքում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ՝ Շառլ Ազնավուրը և կարելի է թվարկել, նրանք, բնականաբար, մեր ազգի զավակներն են և իրենց գործունեությամբ, իրենց ճանաչելիությամբ նպաստում են մեր ժողովրդի հետագա բարեփոխումների ճակատագրի վրա»:

Օրվա երկրորդ կեսին Քարդաշյանը քրոջ, ամուսնու և դստեր հետ այցելել է Գեղարդի միջնադարյան վանական համալիր։

Քարդաշյանների Հայաստան այցն ակտիվ լուսաբանվում է միջազգային մամուլը: Օրինակ, Hello ամսագրի ամերիկյան հրատարակությունը Հայաստանը հայտարարել է լավագույն այցելության վայր՝ գրելով, որ Քարդաշյանը փոքրիկ Նորթ Ուեսթին Փարիզ, Նյու Յորք և Լոնդոն տանելուց հետո, դստերն իր հետ է վերցրել իր պատմական հայրենիք առաջին այցելությանը:

Պարբերականը նաև գրել է, որ ապրիլի 8-ի երեկոյան ամուսնու՝ Քանյե Ուեսթի, դստեր և քրոջ հետ Հայաստան ժամանած Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ խոսել է 3-րդ սերնդի ամերիկահայ հոր արմատներն ու մշակույթը ճանաչելու իր ցանկության մասին: Նշվում է նաև, որ այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկից շաբաթներ առաջ է կայանում:

Հակիրճ ներկայացվել է նաև մայրաքաղաք Երևանը, Հայաստանի տեսարժան վայրերից Դեբեդի կիրճը Հաղպատի և Սանահինի եկեղեցական համալիրներով, Գորիսը իր «քարե անտառով», Տաթևի վանքը, Արագածը Ամբերդով ու Բյուրականի աստղադիտարանով:

Թուրքաադրբեջանական մամուլը ևս հետևում է այս այցին: Մասնավորապես Զամանն օրվա առաջին կեսին գրել էր, թե հայերը Քարդաշյանից ակնկալում են Հայոց Ցեղասպանության հարցի բարձրացում, տարածում, մինչդեռ Քարդաշյանը Երևանից արդեն մի քանի գրառում է արել սոցցանցերում՝ դեռ ոչ մի բառ չասելով այդ մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---