Նախարար. Դեռ հնարավոր չէ ասել՝ առաջիկայում համաներում սպասվում է, թե՝ ոչ

Նախարար. Դեռ հնարավոր չէ ասել՝ առաջիկայում համաներում սպասվում է, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Դեռևս հնարավոր չէ ասել՝ արդյո՞ք առաջիկայում համաներում սպասվում է, այսօր` ապրիլի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում հաճախակի դարձած համաներումներին և արդյոք դրանով չի լուծվում գերծանրաբեռնված կալանավայրերի խնդիրը։

«Թե որքանով կթեթևանա կալանավայրերի ծանրաբեռնվածությունը, կախված է նրանից, թե ինչ ծավալի կկազմի համաներումը։ Այս պահին հնարավոր չէ այդ մասին ասել, և հետո հնարավոր չէ նաև ասել՝ այդ համաներումը կլինի, թե ոչ։ Նման հարցադրում այս պահին գոյություն չունի»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Հովհաննես Մանուկյանն ընդգծել է, որ համաներումը նպատակ չունի ուղղել դատական սխալները կամ թեթևացնել ծանրաբեռնվածությունը կալանավայրերի, համաներումը բոլորովին այլ նպատակներ ունի։

«Այո, մեր համակարգը, այնպես ինչպես բոլոր համակարգերը աշխարհում, զերծ չեն դատական սխալներից։ Դա երկրում իրավական համակարգի անկատարության հետևանք է»,-ասել է նա։

«Փորձը ցույց է տալիս, որ համաներում հայտարարելուց հետո երկրում որոշակի իմաստով օպերատիվ իրավիճակը սրվում է, բայց, մեծ հաշվով, էական ազդեցություն օպերատիվ իրավիճակի վրա չի լինում»,- լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Նա նշել է, որ համաներումից հետո, երբ մարդը դուրս է գալիս կալանավայրից, հիմնական խնդիրը լինում է ինտեգրումը հասարակությանը: «Ցավոք սրտի, այդպես չի լինում, նրանց մեծ մասը շարունակում են հին ճանապարհը ու կրկին հայտնվում են ճաղերի հետևում»,- ասել է նա՝ հավելելով, որ նման դեպքերում հիմնականում ավելանում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, գողությունները, կողոպուտը:

Ինչ վերաբերում է առաջիկայում արդյո՞ք համաներում հայտարարվելու է հարցին, Հունան Պողոսյանն ասել է, որ ինքն էլ է ընդամենը լսել` համաներում հայտարարելու մասին խոսակցություններ կան: «Իրավասու չեմ այդ հարցին պատասախանել»,- ասել է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Վերջին համաներումը եղել է 2013-ին երբ 102 «կողմ» ձայնով Ազգային ժողովն ընդունեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներում հայտարարելու մասին առաջարկը: «Դեմ» ու «ձեռնպահ» չկար: Կալանավայրերից անմիջապես ազատ է արձակվել մոտ 400-500 դատապարտյալ:

Սրանից առաջ համաներումը եղել էր 2011-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ համաներում հայտարարելու առաջարկով: ՀՀ նախագահի առաջարկը պայմանավորված էր ՀՀ սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու «Ազգային ժողովի կանոնակարգերի» 90-րդ հոդվածով: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատագամվորները 91 «կողմ» ձայնով քվեարկեցին համաներման օգտին, «դեմ» քվեարկողներ չեղան: Այդ ժամանակ ազատ էր արձակվել 1056 կալանավոր։

Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր եղել է 9 համաներում՝ առաջինը 1995-ի հուլիսի 5-ին էր՝ ՀՀ Սահմանադրության ընդունման առթիվ, որն ընդունվել ու ուժի մեջ է մտել նույն թվականի սեպտեմբերի 26-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---