Ադրբեջանն ամենասահմանափակ մամուլով երկրների առաջին հնգյակում է

Ադրբեջանն ամենասահմանափակ մամուլով երկրների առաջին հնգյակում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտնվել է ամենասահմանափակ մամուլով երկների առաջին հնգյակում: Հիմնվելով լրագրողների ազատազրկման, ռեպրեսիվ օրենքների և ճնշումների մասին տվյալների, ինչպես նաև համացանցային հասանելիության սահմանափակումների վրա՝ Նյու Յորքում գտնվող մամուլի շահերի պաշտպանությամբ զբաղվող խումբը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն ապրիլի 21-ին հրապարակել է թոփ 10 երկրների ցուցակը, որտեղ մամուլն ամենաշատն է սահմանափակված, գրում է The Independent-ը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն կազմել է երկրների ցանկը «Մամուլի վրա հարձակումներ» ամենամյա զեկույցի շրջանակում, հայտնում է Tert.am-ը:

Ցանկում 5-րդ տեղն է զբաղեցրել Ադրբեջանը, 7-րդը՝ Իրանը: Առաջինը Էրիթրեան է: Ապա հաջորդում են` Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Եթովպիան, Ադրբեջանը, Վիետնամը, Իրանը, Չինաստանը, Մյանման, Կուբան:

Ավելի վաղ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մի շարք հայտնի իրավապաշտպաններ և դիվանագետներ բաց նամակով դիմել էր ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով հստակ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ակտիվերոն ներգրավված են երկրում մարդու իրավունքների խախտման և ազատությունների սահմանափակման գործընթացում: Իրավապաշտպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները իրենց «էներգետիկ կարևորության» քողի տակ զբաղված են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, այլախոհական ձայների լռեցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալություններով:

Պատժամիջոցներ սահմանելուց բացի, իրավապաշտպանները պահանջում են նաև Ադրբեջանի իշխանություններից անմիջապես ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին, հարգել լրագրողների իրավունքները իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնելիս, դադարեցնել ընդդիմադիր գործիչներին և նրանց ընտանիքի անդամներին հետապնդումների ենթարկելը: Հատկանշական է, որ իրավապաշտպանները իրենց մտահոգությունները հայտնելիս շեշտում են այն հանգամանքը, որ Ադրբեջանում իրավունքների և ազատությունների սահմանափակումները լայնամասշտաբ բնույթ կարող են ստանալ այս տարի նախատեսված խորհրդարանական ընտրությունների շեմին:

Ապրիլի 7-ին տարածվեց Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցը, որն արդեն չորրորդ էր Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ անցանկալի ազդեցության բացառումն ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի օրենսդիր և դատական համակարգերում կոռուպցիայի վերացման համար:

Ավելի վաղ ամերիկյան առաջատար Foreign Policy Journal պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի ներպետական վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային ասպարեզում այդ երկրի հեղինակության լուրջ կորուստներին` եզրակացնելով, որ ադրբեջանական իշխանությունների կողմից անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումները արևմտյան լայն լսարանին ի ցույց դրեցին Ադրբեջանի ավտորիտար բնույթը: Պարբերականը անդրադառնում է անկախ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող բռնաճնշումներին և ձերբակալություններին` նկատելով, որ այդ ամենը սկսվեց 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո:

2014-ի դեկտեմբերի 5-ին կալանավորվեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: Նա տասնյակ աղմկահարուց հոդվածներ ու նյութեր է հրապարակել տեղական ու արևմտյան մամուլում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների բիզնեսների մասին, ինչի համար տարիներ շարունակ հետապնդվել է: Երկու տարի առաջ նրան վարկաբակող տեսանյութ էր տարածվել համացանցում, այս տարի էլ իշխանությունները արգելել են մեկնել Պրահա՝ մասնակցելու միջազգային համաժողովի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---