10  27.04.15 - Հայաստանի ու Բելգիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Դիդիեր Ռեյնդերսի մամուլի ասուլիսը

Նալբանդյանը՝ Թուրքիայի արձագանքի մասին. Եթե աշխարհը հակառակն է խոսում, գուցե սխալը հենց քո մեջ է

Նալբանդյանը՝ Թուրքիայի արձագանքի մասին. Եթե աշխարհը հակառակն է խոսում, գուցե սխալը հենց քո մեջ է

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Փարիզում ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, այսօր՝ ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ նախարարի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Բանակցային գործընթացը շարունակվում է: Բանակցային գործընթացին այլընտրանք գոյություն չունի»,- նշել է նախարարը, գրում է Panorama.am-ը: Նալբանդյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արձագանքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների և կազմակերպությունների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ, նշել է. «Թուրքիան այս վերջին օրերին կամ վերջին շրջանում քննադատում է բոլորին՝ Հռոմի պապին, Եվրոպառլամենտին, որը ներկայացնում է 28 երկիր, Ֆրանսիային, Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային, շատ ուրիշ երկրների»:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը Թուրքիայի արձագանքները հակաարձագանքներ է անվանել և ասել. «Կարծում եմ՝ Թուրքիային ավելի հեշտ կլինի մեկ հայտարարություն անել՝ քննադատելով ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունը նրա համար, որ միջազգային հանրությունը և աշխարհը խոսում են լեզվով, որն իրենք չեն հասկանում: Բայց եթե ամբողջ աշխարհը խոսում է մեկ լեզվով և դու չես հասկանում, ուրեմն պետք է մտածես՝ միգուցե սխալը հենց քո մեջ է»:

Թուրքիայի ԱԳՆ-ն առանձին հայտարարություններով դատապարտել է Հայոց Ցեղասպանության մասով վեջին օրերին հնչած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների և կառույցների հայտարարությունները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Պուտինի, ԱՄՆ նախագահ Օբամայի, Գերմանիայի նախագահ Գաուկի, Ֆրանսիայի նախագահ Օլանդի: «Չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում և դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են և իրավական ուժ չունեն»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ հայտարարությունը, որում նա խուսափեց «ցեղասպանություն» բառը կիրառելուց, խնդրահարույց է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ -ն և հավելել, թե Օբամայի ելույթը միակողմանի էր, փաստերից կտրված և՝ հայկական տեսանկյունից:

Թուրքիայի արտգործնախարարությունը ապրիլի 24-ի ուշ երեկոյան քննադատել է նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունները։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր հայտարարությունում պնդում է, թե Գաուկը իրավունք չունի «թուրք ժողովրդին վերագրել հանցագործություն, որը նա չի գործել»: Պաշտոնական Անկարան նաև տարակուսանք է հայտնում, որ Գերմանիայի նախագահը «անտեսել է կարծիքները Գերմանիայի հարյուր հազարավոր թուրք քաղաքացիների, որոնց նույնպես նա ներկայացնում է»։ «Թուրքական պատմությունը և ինքնությունը թուրք-գերմանական հասարակության բաղադրիչ մասն է։ Այդ համայնքի անդամները լուռ չեն մնա իրենց ինքնության անարգմանն ուղղված նախաձեռնությունների դեմ։ Թուրք ազգը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները», - նշված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

Թուրքիան նաև նշում է՝ Օլանդից ակնկալում էին, որ երևանյան միջոցառումների ժամանակ գոնե կընդուներ, որ Օսմանյան կայսրության քաղաքացիները, անկախ իրենց ազգությունից և կրոնական պատկանելությունից, կայսրության փլուզման ընթացքում ողբերգական տառապանքներ են կրել. «Ֆրանսիան, դժբախտաբար, նախընտրեց շարունակել իր խտրական մոտեցումը»։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և ոգեկոչման խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը կարևորել է միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, և շնորհակալություն հայտնել արտգործնախարար Ռեյնդերսին՝ մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը Բելգիայի կողմից համահեղինակելու համար։ Հաշվի առնելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ երկու երկրների ակտիվ ջանքերը՝ նախարարները պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն այս ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բելգիական երկկողմ օրակարգի հարցերին, կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական կապերի ընդարձակումը, համագործակցության համար նոր ոլորտների բացահայտումը, խորհրդարանական, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Նալբանդյանը և Ռեյնդերսը մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Բելգիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման վերաբերյալ: Քննարկել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, այդ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումները, հարաբերությունների իրավական նոր հենքի մշակման շուրջ ընթացող գործընթացը: Կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացումը, այդ առումով արժևորվել այս տարվա աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի անցկացումը:

Հայաստանի արտգործնախարարը նաև ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Բելգիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---