ՌԴ-ն մտադիր է ավելացնել ռուսական սպառազինության առաքումը Թուրքիա

ՌԴ-ն մտադիր է ավելացնել ռուսական սպառազինության առաքումը Թուրքիա

PanARMENIAN.Net - «Ռոսօբորոնէքսպորտը» մտադիր է ընդլայնել ռուսական սպառազինության և ռազմատեխնիկայի առաքումները Թուրքիա, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

«Այսօր Թուրքիայի շահերից ելնելով, մենք իրականացնում ենք Մի-17 ռազմատրանսպորտային ուղղաթիռների հետվաճառքային սպասարկումն ու պահետամասերի առաքումը: Դեռևս սա հիմնական ուղղությունն է, սակայն մենք ակտիվորեն աշխատում ենք ռուսական սպառազինության և ռազմատեխնիկայի առաքումները Թուրքիա ընդլայնելու վրա»,-մեջբերում է մամուլի ծառայությունը «Ռոսօբորոնէքսպորտի» պատվիրակության ղեկավար Անատոլի Աքսյոնովի խոսքը, որը մասնակցում է մայիսի 5-8-ը Ստամբուլում անցնող IDEF-2015 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին:

Նա նշել է, որ թուրքական ռազմական արդյունաբերության ոլորտի հետ գործակցության երկրորդ կարևորագույն ուղղությունը գիտատեխնիկական ուղղությունն է:

«Ըստ էության, ռազմական ոլորտում դա մեր հարաբերությունների ապագան է»,-ասել է Աքսյոնովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ամենահեռանկարային ուղղությունները «Ռոսօբորոնէքսպորտում» համարում են փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերի, զրահատեխնիկայի, մարտավարական թվայնացված կապի միջոցների, ուղեծրային տիեզերական համակարգերի, ինչպես նաև ռազմածովային տեխնիկայի ու սպառազինության հետ կապված համատեղ նախագծերը: «Ռոսօբորոնէքսպորտը» միջազգային ցուցահանդեսին ներկայանում է ՌԴ ռազմական շուրջ 400 ձեռնարկությունների արտադրությամբ, հայտնել է Անատոլի Աքսյոնովը:

Այդ թվում ցուցադրվում է ռուսական ռազմատեխնիկայի 20 նմուշ, այդ թվում Т-90С տանկեր ու Մի-28 ՆԷ ռազմական ուղղաթիռները:

«Ռոսօբորոնէքսպորտը» հուսով է, որ գործակցությունը Թուրքիայի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ կզարգանա: IDEF-2015 ընթացքում նախատեսվում է մի շարք բանակցություններ վարել և ներկայացնել ռուսական արտադրության նոր նմուշները»,-ասել է Աքսյոնովը:

IDEF-2015 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին մասնակցում է մոտ 700 ընկերություն 46 երկրից: Ամենամեծ ցուցադրությունները ներկայացրել են Թուրքիան` 265 ընկերություն, և ԱՄՆ-ն` 101 ընկերություն: Ներկայացուցչական կլինեն նաև Գերմանիայի` 50 ընկերություն, Մեծ Բրիտանիայի` 45 ընկերություն, Ֆրանսիայի` 34 ընկերություն, տաղավարները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---