Հայաստանը «National Geographic Ռուսաստան»-ի հետխորհրդային տարածքի հանգստի լավագույն վայրերի տասնյակում է

Հայաստանը «National Geographic Ռուսաստան»-ի հետխորհրդային տարածքի հանգստի լավագույն վայրերի տասնյակում է

PanARMENIAN.Net - «National Geographic Ռուսաստան» հանդեսը ներառել է Հայաստանը հետխորհրդային տարածքի հանգստի լավագույն վայրերի տասնյակում:

«Ռուսաստանում, ինչպես նաև ԽՍՀՄ նախկին երկրներում ևս կան սարեր, լողափեր, անապատներ, էթնիկ ավաններ, հրաբուխներ և տպավորիչ սառցադաշտեր, որոնք միանգամայն կարող են մրցակցել ամենահայտնի համաշխարհային հանգստավայրերի հետ»,-գրում է պարբերականը:

Հայաստանի հետ միասին ցանկում ներառվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը: «Ճամփորդությունն Անդրկովկաս միշտ փորձություն է կերակուրով: Վրաստանում չես հասցնում ծամել լավաշը, իսկ հյուրընկալ տան տերերն արդեն խինկալին են բերում, խաչապուրի են հյուրասիրում հարևան սեղանից և անպայման խմիչք են լցնում ու լցնում: Ճաշկերույթներն այնտեղ ժամեր են տևում, իսկ բաժակաճառերն անվերջանալի են: Այս ամենը շատ է հիշեցնում Հարավային Եվրոպան` Իտալիան, Հունաստանը, Իսպանիան, որտեղ հանգստի պարտադիր բաղադրիչներից մեկն ընթրիքն է ընտանեկան պանդոկում, իսկ այցելությունը շուկա երբեմն ավելի տպավորիչ է լինում, քան հերթական թանգարանի ցուցադրությունը: Եթե անցնելու լինեք ամբողջ Վրաստանով մինչև Թուրքիայի սահմանը, իսկ դա կարելի է անել 6 ժամում, կարող եք ճաշակել ամեն ինչ` դասական լոբիոյից մինչև սացիվի և աջափսանդալ, պակաս հայտնի մխալի և կուբդարի: Անպայման այցելեք գինու փոքրիկ արտադրամասերից մեկը, որտեղ, ինչպես 1000 տարի առաջ, այսօր էլ գինին պահում են կավե անոթներում: Հայաստանում ձեզ կսովորեցնեն լավաշ պատրաստել և ցույց կտան, թե ինչպես է ստացվում հանրաճանաչ կոնյակը, իսկ հետո, բարձր լեռներում կպատմեն, թե ինչպես կարելի է գինարբուքի հետևանքներից ազատվել խաշի միջոցով: Սևանա լճի առափնյա հաստատություններից յուրաքանչյուրում ձեզ կմատուցեն համեղ, ինչպես միշլենյան ռեստորանում պատրաստված, իշխան և բաստուրմա, որին կարելի է առհավետ «սիրահարվել»: Թեթև ուսապարկով Հայաստան և Վրաստան այցելած ճանապարհորդը տուն է դառնում մանդարինով և նուռով, մի քանի գլուխ պանրով, սոուսներով և համեմունքներով, ձեռքով աղացած սրճի փաթեթներով և գինու, տնական օղու և իհարկե կոնյակի անհամար շշերով լի մի մեծ պարկով»,-գրում է պարբերականը:

Հարավային երկրներից բացի ցանկում են ընդգրկվել Ղրիմի հարավային ափը, Կովկասյան լեռները, Մինվոդին ու Պյատիգորսկը, Կոլայի թերակղզին, Կամչատկան, Ալթայն ու Տիվան, Սանկտ Պետերբուրգն ու Վիբորգը Ռուսաստանում և Միջին Ասիան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---