Հայաստանում Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Հայաստանում Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնել է Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը, մայիսի 6-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում բացվել է «Միասնությամբ ձեռք բերված Մեծ հաղթանակ» խորագրով ցուցադրությունը, որտեղ ընդգրկված են Հայաստանի ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի, 1941-45թթ. Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանի, «Ստալինգրադի ճակատամարտ» արգելոց-թանգարանի, Բելառուսի Մեծ հայրենական պատերազմի պետական թանգարանի նյութերը:

Ցուցահանդեսն անցնում է ՀՀ ԱԺ, Հայաստանում ՌԴ դեսպանության, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, «ՀԿԵ» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ աջակցությամբ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Պատմություն և միասնություն» ՀԿ-ն, Տուրիզմի հայկական ինստիտուտը, ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ: Մայիսի 8-ին 11:00-ին ըստ ամենամյա ավանդույթի Երևանի Հրազդանի կիրճում Խորհրդային Միության երիտասարդ հերոսների հուշարձան-աղբյուրների մոտ տեղի կունենա Մեծ հաղթնակին նվիրված տոնակատարություն: Միջոցառման կազմակերպիչներն են «Ռուսաստանի բարեկամներ» ՀԿ-ն` Հայաստանում ՌԴ դեսպանատան, ՀՀ ՊՆ և Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ:

Մայիսի 9-ին 14:00-ին ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան փոքր դահլիճում տեղի կունենա Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված «Ռուսաստանի գլխավոր երգերը» երկրորդ ուսանողական փառատոն-մրցույթի գալա-համերգը, հայտնում է Armenia Today-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիային մայիսի 9-ին կմասնակցի նաև Հայաստանը:

Ինչպես հայտնլ են Երևանի Գիտության և կրթության ռուսական կենտրոնի մամուլի ծառայությունում, նախագիծը նախաձեռնել է ՀԱՊԿ Համալսարանական լիգան, այն ուղղված է հայրենասիրության, պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության աջակցությանը, ՀԱՊԿ անդամ երկրների հետ Ռուսաստանի հոգևոր միասնության ու մշակութային և բարոյական արժեքների պահպանմանը:

Պարային խմբերը վալս կպարեն պատերազմական տարիների կոմպոզիցիաների տակ: Վալսի ավարտին ֆլեշ-մոբի մասնակիցները, որոնք կկրեն Գևորգիևյան ժապավենի գույներով շապիկներ, կպատկերեն «շնորհակալություն» բառը:

Տավուշի մարզի Զորական գյուղում մայիսի 3-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի եւ ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիների բացման արարողությունը: Վայրը պատահական չէր ընտրված` այստեղ են հաստատվել զորահրամանատարների համագյուղացիները (Արցախի Չարդախլու գյուղից) պատերազմից հետո: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վետերաններ, ՌԴ Ռոստովի մարզի մշակույթի փոխնախարար Տիմոֆեյ Սուբոտինը: Տավուշի մարզում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հանձնվել են «Հաղթանակի 70-ամյակ» հուշամեդալներ:

Մեծ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները՝ միութենական մյուս հանրապետություններից։

200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Բրեստի ամրոցում և շրջակայքում պատերազմի սկզբում ծառայում էր շուրջ 200 հայ զինվոր:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ: Հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչմանը։ Նրանք էին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տես-Իսահակյան):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---