«Հանրաքվեի մասին» օրենքը կփոփոխվի ու կլրացվի. Կառավարությունը հաստատեց նախաձեռնությունը

«Հանրաքվեի մասին» օրենքը կփոփոխվի ու կլրացվի. Կառավարությունը հաստատեց նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Կառավարությունը մայիսի 7-ին հավանություն է տվել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի ու Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը։

Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվել է այն հանգամանքով, որ 2011թ մայիսին ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը պարունակում է էականորեն տարբերվող դրույթներ՝ նախկին օրենսգրքում եղած բազմաթիվ կանոնակարգումներից, հայտնում է Tert.am-ը:

«Խնդիրն ընդամենը համապատասխանեցման մեջ էր, բայց Կառավարությունը որոշակի առաջարկություններ ունի ՝ հիմնականում խմբագրական բնույթի , որոնց վերաբերյալ մենք բանակցել ենք օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ: Ըստ էության, մեր բոլոր առաջարկներն ընդունելի են եղել հեղինակների համար, այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ դրական եզրակացությամբ ներկայացնել»,- ասաց Հովհաննես Մանուկյանը։

Մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի: 2014-ի հոկտեմբերի 15-ին հրապարակվել էր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչպես նաև՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունը:

Եզրակացության ամփոփիչ հատվածում նշվում է, որ հայեցակարգի նախագիծը լավ և արժեքավոր հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար: ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որը45 էջանոց փաստաթուղթ է: Դրանով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:

ՀՀ գործող Սահմանադրության Գլուխ 8-ը սահմանում է Սահմանադրության ընդունման, փոփոխման ու հանրաքվեի կարգը: Ըստ այդմ`Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---