Սերժ Սարգսյան. Նիդերլանդներն իր զարգացած տնտեսությամբ լավ օրինակ է Հայաստանի համար

Սերժ Սարգսյան. Նիդերլանդներն իր զարգացած տնտեսությամբ լավ օրինակ է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Հերի Ֆան Բոմըլին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունել է խորհրդարանականներին և հույս հայտնել, որ ակտիվ փոխայցելությունների միջոցով երկկողմ խորհրդարանական համագործակցությունը որակական նոր մակարդակի կբարձրանա՝ նպաստելով նաև հայ-նիդերլանդական միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նշելով, որ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները ընդամենը 23 տարվա պատմություն ունեն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ և նիդերլանդացի ժողովուրդների բարեկամությունը պատմական խորը արմատներ ունի: Հանրապետության նախագահը նշել է, որ Նիդերլանդներն իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով, լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում նաև՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից, ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել, և Հայաստանը շահագրգռված է Նիդերլանդների հետ բարեկամությունը խորացնել և ամրապնդել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրին Նիդերլանդների ցուցաբերած տեխնիկական և ֆինանսական աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող հիշատակի միջոցառումներին, դրանց խորհրդին ու կարևորությանը: Նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի կողմից 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, միաժամանակ, մեծապես գնահատելի համարելով ս.թ. ապրիլի 9-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը, որը, Նախագահի խոսքով, իր տեսակի մեջ բացառիկ է: Այդ կապակցությամբ, Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա և այդ որոշման հեղինակ պատգամավորներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր իրենց աջակցությունն են բերել որոշման ընդունման գործին։

Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին և այդ փոփոխությունների կարևորությանը, Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև Եվրամիության հետ մեր երկրի փոխգործակցության ամրապնդման հեռանկարի վերաբերյալ Հայաստանի ակնկալիքներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Հոլանդացի պատգամավորներին ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հոլանդացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ գործադրվող ջանքերը։

Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Հերի վան Բոմելի գլխավորությամբ մայիսի 12-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հաղորդում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք եղել են Ցեղասպանության թանգարանում. պատվիրակության ղեկավար Հերի վան Բոմելը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---