«Հանուն խաղաղության». Վրացի հեծանվորդը կփորձի Արցախից անցնել Ադրբեջան

«Հանուն խաղաղության». Վրացի հեծանվորդը կփորձի Արցախից անցնել Ադրբեջան

PanARMENIAN.Net - Ազգությամբ վրացի Նոդար Բերիձեն, որը «Հանուն խաղաղության» հեծանվային երթի ղեկավար և հիմնական մասնակիցն է, Հայաստան է եկել հեծանվով և պատրաստվում է մայիսի 14-ի առավոտյան սկսել իր երթը դեպի Արցախ։ Լրագրողների հետ հանդիպմանը նա պատմել է, որ մի քանի տարի եղել է վրացի սպորտսմեն, հեծանվային ճանապարհորդ Լեժավա Ջումբերի օգնականը։ Վերջինիս հետ խաղաղության երթ են սկսել այն բոլոր երկրներում, որտեղ պատերազմական իրավիճակ է։

«Մենք միասին եղել են Ուկրաինայում և խաղաղություն քարոզել, սակայն լեգենդար սպորտսմենը մահացավ և ես պարտավոր էի շարունակել նրա գործը։ Արդեն եղել եմ Ռուսաստանում, այնուհետև մայիսի 9-ին Վրաստանում էի, իսկ հիմա հասել եմ Հայաստան։ Ես Արցախ հասնելուց հետո կփորձեմ ամեն դեպքում Արցախով գնալ Ադրբեջան, թեև գիտեմ, որ վտանգավոր է»,-ասել է նա։

Հեծանվորդն անկեղծացել է, որ դժվար է Հայաստանի լեռներով հեծանիվ վարել, բայց առաքելությունը ստիպում է դիմանալ ցանկացած իրավիճակի։

«Հյուսիսային Կովկասում հակամարտությունները շատ են, ու ես լինելու եմ բոլոր երկրներում։ Ես դեռևս միայնակ եմ անցկացնում երթս, բայց հույս ունեմ, որ մի օր ինձ կմիանան վրացի, աբխազ, օս, հայ, ադրբեջանցի հեծանվորդներ, և մենք միջազգային երթ կանցկացնենք»,-նշել է նա, մեջբերում է Tert.am-ը։

Վրացի հեծանվորդն ընդգծել է, որ ինքը չի ֆինանսավորվում որևէ կազմակերպության կամ պետության կողմից, ամեն ինչ անում է իր միջոցներով։

Մայիսի 23-ին կանցկացվի Երևանյան գավաթ-3 սիրողական հեծանվասպորտի 3-րդ մրցաշարը, որին կմասնակցեն սիրողական հեծանվորդներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, ՊՆ, ԱԻ և այլ կառույցների թիմեր: Իսկ մայիսի 28-ին 100 հեծանվորդներ Հանրապետության հրապարակից կմեկնարկեն հաղթական մեծ հեծանվաերթ դեպի Արցախ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---