13  14.05.15 - ԵԲԿՏ նախարարական համաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի բացումը

ՀՀ նախագահ. Անգամ Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել

ՀՀ նախագահ. Անգամ Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել

PanARMENIAN.Net - Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 14-ին մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական երկօրյա գագաթաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը, որին մասնակցում են միջազգային կազմակերպությունների 500 պատվիրակ, կրթության 20 նախարար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել ֆորումի բացմանը՝ իր ելույթում նշելով, որ Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար գործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց Եվրոպական տարածքի հետ և ստացավ նոր մեխանիզմներ՝ լավագույնս կիրառելու միջազգային փորձառությունը:

«Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահեն հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն: Պարզ է նաև, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում:

Այս ամենով հանդերձ՝ առկա տնտեսական և սոցիալական խնդիրները լուրջ մարտահրավերներ են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համար, որտեղ ընդհանուր նպատակները ենթադրում են համատեղ ջանքերի ներդրում և ակտիվ ներգրավվածություն: Զարգացող հասարակությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա շրջանում առավել քան կարևորվում է համադրելի չափորոշիչների կիրառումը՝ բարելավելու աշխատաշուկայի արդի պահանջները, ինչպես նաև կրթական ոլորտի շահառու կողմերի արդյունավետ համագործակցությունը»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ ակնածանք ունի գիտելիքի և ուսման նկատմամբ։

«Գուցե այն պատճառով, որ իր հազարամյա պատմության ընթացքում, երբ կողոպտվել, թալանվել ու հալածվել է, միակ արժեքը, որը չեն կարողացել խլել նրանից և որը լուսավորել է իր դժվարին ուղին, եղել է հենց գիտելիքը, հարյուրամյակների ընթացքում կերտած հոգևոր և մշակութային ժառանգությունը։ Եվ պատահական չէ, որ անգամ Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել։ Այլապես այսօր մենք չէինք ունենա Մատենադարան, որը հայ ժողովրդի հարատևության գրավականն է։

Մեզ համար մեծ հպարտություն և միաժամանակ պարտավորեցնող է այն, որ այսօր նորովի է արժևորվում համաշխարհային գիտության, արվեստի, աստվածաբանության զարգացման մեջ հայ ժողովրդի ստեղծագործ մտքի ներդրումը. վերջին նման հրաշալի իրադարձությունը Հռոմի Պապի կողմից միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումն էր՝ մի տիտղոս, որը կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն մտածողների է շնորհվել»,- ասել է ՀՀ նախագահը։

Նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին.

«Այս տարին Հայաստանի, հայ ժողովրդի և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար յուրահատուկ տարի է` մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և փորձում կառուցել ավելի անվտանգ միջավայր մարդկանց և ժողովուրդների համար: Մենք ասում ենք «այլևս երբեք»՝ այլևս երբեք չի կարելի թույլ տալ նման հրեշավոր հանցագործությունների կրկնություն, պետք է բացառել դրանք ծնող միջավայրի ձևավորումը, փոխել մարդկության և քաղաքակիրթ գոյակցության մասին համընդհանուր պատկերացումները, հրամայականները, այլատյացությունից զերծ հասարակություններ զարգացնել: Ակնհայտ է, որ այս հարցում շատ մեծ է հենց կրթության դերը, այն առաքելությունը, որն իրականացնում եք դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատարմագրման եվրոպական մոտեցում:

Բացման հանդիսավոր նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ երեք տարի առաջ Բուխարեստում եվրոպական երկրների կրթության նախարարները միաձայն քվեարկել են, որ Հայաստանը դառնա Եվրոպական կրթական տարածքի կենտրոն, իսկ մայրաքաղաք Երևանը՝ Եվրոպական կրթական տարածքի 9-րդ մայրաքաղաք:

«Հուսով եմ երևանյան համաժողովը պատմական կլինի որպես փաստ. առաջին անգամ կազմակերպվելով Հայաստանում՝ այն ապացուցում է, որ եվրոպական կրթական տարածքը համընդհանուր արժեք է և իր ողջ աշխարհագրական սփռումով հավասար ներառում ունի ինչպես գործընթացի մեջ, այնպես էլ որոշումների կայացման առումով:

Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցություն կունենան եվրոպական կրթական համակարգի զարգացման վրա: Բոլոնիայի գործընթացն իր ողջ դժվարություններով ու մարտահրավերներով հանդերձ՝ հաջողված գործընթաց է: Այն բացառիկ նախագիծ է, որը միավորում է 47 եվրոպական երկիր: Այս նախագծի էությունը միայն կրթական չէ. դրա կարևորությունը նաև քաղաքակրթական է, այսինքն՝ բացառիկ հնարավորություն համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող նոր սերունդ ձևավորելու համար»,- նշել է նախարարը: Նա հավելել է, որ կրթական ոլորտի բարեփոխումները հեշտությամբ չեն ընթանում և ոչ մի եվրոպական երկրում. «Եթե հակիրճ փորձենք խոսել խնդիրների մասին, ապա ակնհայտ է, որ կրթական գործընթացի կատարելագործմանը զուգահեռ՝ նկատի ունեմ տեխնիկական միջոցներ, մեթոդաբանություն, ունիֆիկացիա, պետք է չմոռանալ, որ կրթությունը նախևառաջ հոգի է, հոգի, որը խարսխված է համընդհանուր արժեքների վրա: Եվրոպական քաղաքակրթության առջև այսօր ծառացած բազմաթիվ մարտահրավերների լուծումները կարելի է գտնել հենց ժողովրդավարական, քաղաքացիական դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և միաժամանակ համամարդկային արժեքների տարածքում գտնվող անհատների մեջ»:

Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Երևանյան գագաթաժողովի աշխատանքները կավարտվեն արդյունավետ որոշումներով և կաշխատեն ոչ միայն այս երկու օրվա ընթացքում որոշումների կայացման, այլև հետագայում դրանք կյանքի կոչելու ուղղությամբ»:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նովրոչիչը, համանախագահող երկների նախարարները՝ Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն և Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուջի Գունարսոն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---