2016-ին Հայաստանը կհյուրընկալի Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի համաժողովը

2016-ին Հայաստանը կհյուրընկալի Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի համաժողովը

PanARMENIAN.Net - Հայաստանը 2016թ. հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJՕ) համաժողովը, որին ներկա կլինեն ոսկերչության ոլորտի շուրջ 1000 ներկայացուցիչներ աշխարհ տարբեր երկրներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մերիդիան» ԱՏԳ ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան՝ նշելով, որ համաժողովը հեղինակավոր է և ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում, հայտնում է Tert.am-ը:։

«Օրինակի համար ասեմ, որ այս տարի համաժողովն անցկացվում է Բրազիլիայում, 2017թ-ին կանցկացվի Հնդկաստանում, իսկ 2018թ-ին՝ Ավստրալիայում։ Համաժողովի շրջանակում կանցկացվեն «վարպետության դասեր», ցուցահանդես-վաճառք, կարճատև դասընթացներ կիրականացվեն ոչ միայն ոսկերիչների, այլ նաև այս գործով բոլոր զբաղվողների՝ դիզայներներ, պրոդյուսերներ և այլն»,-ասաց նա։

Այնուհետև Նիկա Մանուկովան նշեց, որ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին արդեն պոտենցիալ ներդրողների ու շահագործողների վերաբերյալ կառավարությանը փաթեթներ է ներկայացրել։

«Մենք ներդրողների ու շահագործողների հետ բանակցությունները սկսել էինք մինչև ազատ տնտեսական գոտու մեկնարկը, և մեր կանխատեսմամբ մինչև տարեվերջ կունենանք մոտ 10 շահագործող ընկերություն, որոնք միասին կստեղծեն 300-500 աշխատատեղ»,-ասաց նա։

Հարցին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի ընկերությունը, որպեսզի կարողանա գործել ազատ տնտեսական գոտու տարածքում, «Մերիդիանի» ներկայացուցիչը պատասխանեց. «Կառավարությունը հստակ չափանիշներ է սահմանել։ Առաջինը՝ շահագործողը պետք է ներդրում իրականացնի, ունենա ադամանդագործության, ոսկերչության կամ ժամագործության ուղղություն, այսինքն, կոշիկ արտադրողը չի կարող այստեղ գործել։ Ներդրումների ծավալ պետք է համապատասխանի բիզնես ծրագրին, նոր աշխատատեղեր ապահովի, վաճառք չիրականացնի ՀՀ տարածում»։

Նիկա Մանուկովան նաև նշեց, որ հայտ ներկայացրած բոլոր ընկերությունները արտասահմանյան են։ Նման ընկերություններից մեկն էլ «Ոսկերչական տուն Հռիփսիմե» ընկերությունն է, որի հիմնադիր Հռիփսիմե Մելիքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին կարևորեց ազատ տնտեսական գոտու ստեղծումը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է տալիս ընկերությանը զարգանալ։

«Ինչպես գիտեք, այստեղ գործող ընկերությունները հարկային պարտավորություններից ազատվելու են, ինչը հնարավորություն կտա գումարներ խնայել ու դրանք ներդնել գործի մեջ՝ մեծացնելով արտադրանքի մրցունակությունը։ Սա շատ մեծ աջակցություն է բիզնեսին»,-ասաց նա։

Հռիփսիմե Մելիքյանը նշեց, որ իրենց կողմից արտադրված զարդերը արտահանվելու են ՌԴ, Ղազախստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք և այլն։

2014-ի հոկտեմբերին տեղի ունեցավ «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային եռօրյա ցուցահանդես, ինչպես նաև պաշտոնապես հայտարարվեց ոսկերչական ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը:

«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 երկրից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև մոտ 200 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, տեղական ընկերությունների համար սպառման նոր շուկաներ գտնելու լավ հնարավորություն է:

Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը ցուցահանդեսի բացմանը նշել է, որ Ազատ տնտեսական գոտու նպատակը Հայաստանում ոսկերչական կլաստերի ստեղծումն ու զարգացումն է, բացի այդ, ԱՏԳ-ն գործոն է նոր աշխատատեղերի ստեղծման և օտարերկրյա մեծ ներդրումների ներգրավման համար:

Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության 27.02.2014թ. թիվ 231-Ա որոշմամբ: Կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: Այստեղ գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտներում՝ 10 տարի ժամկետով: Ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատվում են շահութահարկի, ԱԱՀ-ի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից, իսկ պետական մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան» սկզբունքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---