ԱՄՆ Պետդեպ. Ռուսաստանը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա

ԱՄՆ Պետդեպ. Ռուսաստանը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա

PanARMENIAN.Net - Մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: ԱՄՆ Պետդեպը մեկնաբանել է այս իրադարձությունը` հայտարարելով, թե ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա:

«Մենք մտադիր ենք սատարել հետագա նախաձեռնություններին, որոնք առաջ են մղում ժողովրդավարությունն ու որակյալ կառավարումը, ամրապնդում են էներգետիկ անվտանգությունը, պայքարում են կոռուպցիայի դեմ և աջակցում են «Արևելյան գործընկերության» երկրների տնտեսական ու սոցիալական զարգացմանը: Դա հատկապես կարևոր է Ռուսաստանի աճող ճնշման և ամբողջ տարածաշրջանում ապատեղեկատվության պայմաններում»,-ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը::

Ծրագրի մասնակից երկրներն են ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունները. Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան: 2014-ին Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ստորագրեցին ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը:

Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթն աջակցություն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է պարունակում` կատարել Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնությունները: Գագաթնաժողովի մասնակիցներն ամփոփիչ փաստաթղթում նաև կոչ են արել հետաքննել Ուկրաինայում Boeing-ի կործանման հանգամանքները և պատժել մեղավորներին:

Ի սկզբանե նախատեսվում էր Ռիգայի հռչակագրում գրել ՌԴ-ին Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին, սակայն դրան դեմ եղան Բելառուսն ու Հայաստանը: Ուստի, ներկայացվեց փաստաթղթի խմբագրված տարբերակը, որտեղ ԵՄ դիրքորոշումն ու ծրագրի անդամ երկրների դիրքորոշումն առանձին ներկայացվեց:

Ամփոփիչ փաստաթղթում դրույթ չկա 2016-ին Վրաստանին և Ուկրաինայնի առանց մուտքի արտանագրերի ռեժիմ տրամադրելու վերաբերյալ:

Եվրամիությունը համաձայնության է եկել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների մասշտաբների մասին, առաջընթաց քայլեր կկատարի Բելառուսի հետ գործակցության ուղղությամբ, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը մայիսի 22-ին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ավարտին:

Մայիսի 22-ին ԵՄ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Չիժովն ասաց, որ այն հայտարարությունները, թե «Արևելյան գործընկերությունն» ուղղված չէ այլոց շահերի դեմ, այդ թվում Ռուսաստանի, համոզիչ չեն, քանի որ դեռ 2009-ին, երբ նախագիծը ստեղծվում էր, ծրագրի անդամ պետություններն, ըստ էության, դրվեցին «արհեստական երկընտրանքի առջև. կամ ԵՄ հետ, կամ` Ռուսաստանի»:

Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըմայիսի 21-ին Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: Ելույթ ունենալով, երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և ՀՀ-ն հանձնառու է խորացնելու և էլ ավելի ամրապնդելու ԵՄ հետ գործակցությունը:

«Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու գործակցությունը»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, որպես գործընկերություն միավորող ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Նախագահի համոզմամբ՝ հետագա գործակցության հիմքում պետք է պահպանել հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---