Շոտլանդիան դեմ է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն

Շոտլանդիան դեմ է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն

PanARMENIAN.Net - Շոտլանդիան դեմ է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Առաջիկա հանրաքվեի արդյունքում Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը «հակասում է Շոտլանդիայի շահերին», որն «ամեն կերպ հակազդելու է» իրադարձությունների նման զարգացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է, որ «ոչ ուշ, քան 2017-ի ավարտին» Մեծ Բրիտանիայում հանրաքվե կանցկացվի ԵՄ կազմում մնալու վերաբերյալ: Ինքը վարչապետն այս հարցում կողմ է անդամակցությանը, սակայն խոստանում է բանակցել Եվրոպայի մյուս առաջնորդների հետ կառույցի «արմատական բարեփոխման» շուրջ:

«Մենք պայքարելու ենք, որ Մեծ Բրիտանիան կարողանա դուրս գալ Եվրամիության կազմից միայն Միացյալ Թագավորության մաս հանդիսացող բոլոր 4 տարածաշրջանների համաձայնության դեպքում»,-ասել է Սթերջենը: «Դա անհրաժեշտ է, որպեսզի Շոտլանդիան իր կամքին հակառակ ԵՄ-ից դուրս չհայտնվի»,-ասել է նա:

«Ինձ ճիշտ հասկացեք. գործող կառուցվածքը ես իդեալական չեմ համարում: Հակառակը, մենք վստահ ենք, որ ԵՄ բարեփոխումը ոչ միայն ցանկալի է, այլ նաև անհրաժեշտ: Եվ, այնուամենայնիվ, մենք առաջնորդվում ենք նրանով, ինչ բխում է Շոտլանդիայի շահերից` մնալ միավորված Եվրոպայի մի մասը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ Սթերջենի, նրա կառավարությունը մտադիր է «բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազգային շահերը պաշտպանելու համար»: «Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր դիրքորոշումը Բրիտանիայի խորհրդարանում»,-ասել է շոտլանդացի ազգայնականների առաջնորդը:

Ավելի վաղ մայիսին կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքում Սթերջենի գլխավորած Շոտլանդիայի ազգային կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ դարձավ երրորդ ուժը Բրիտանիայի խորհրդարանում: Այսուհետ կուսակցությունը 56 դեպուտատական մանդատ ունի Համայնքների պալատում 650-ից, այն դեպքում, երբ նախորդ ընտրություններից հետո ուներ ընդամենը 6-ը:

Մինչդեռ Times թերթի միջազգային մեկնաբան Մայքլ Բինյոնը հայտարարել է, որ եթե հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից, դա տնտեսական և քաղաքական աղետ կլինի երկրի համար,: Ըստ փորձագետի, հանրաքվեի նախաձեռնության հիմնական պատճառը ներգաղթյալների աճող քանակն է Արևելյան Եվրոպայից, որոնք աշխատանք որոնելու են մենկում Մեծ Բրիտանիա: «Նրանց մեծ մասը գերազանց մասնագետներ են, նրանք մեծ օգուտ են բերում տնտեսությանը, սակայն շարքային քաղաքացիները դա չեն հասկանում: Ուստի Քեմերոնը ստիպված կլինի համաձայնության հասնել, որը կսահմանափակի ներգաղթյալների մուտքը կամ կվերացնի սոցվճարումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---