Նաիրա Զոհրաբյան. Ադրբեջանը պատանդ է վերցրել Եվրոպայի խորհրդին

Նաիրա Զոհրաբյան. Ադրբեջանը պատանդ է վերցրել Եվրոպայի խորհրդին

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ավարտվել է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկումը։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին մեղադրել է «ստոկհոլմյան սինդրոմով» տապառելու մեջ՝ նշելով, որ Ադրբեջանը պատանդ է վերցրել Եվրոպայի խորհրդին, տեղեկացնում է ԲՀԿ խմբակցությունը:

«Ես չեմ պատրաստվում խոսել Ադրբեջանում տիրող սուլթանական կարգերի մասին։ Ես չեմ ցանկանում խոսել ադրբեջանական բանտերում գտնվող ադրբեջանցի լրագրողների ու հասարակական գործիչների մասին, որոնց թիվը, ըստ ադրբեջացի իրավապաշտպանների, արդեն անցնում է 80-ը։ Ես չեմ խոսելու նաև ադրբեջանցի որոշ քաղբանտարկյալների առողջական վիճակի մասին, որը այլևս ծայրահեղ է։ Ես չեմ ցանկանում խոսել նաև այն մասին, որ եթե ԵԽ անդամ Ադրբեջանում որևէ մեկը համարձակվում է անգամ ամենաթևթև քննադատության ենթարկել ալիևյան կլանին, անմիջապես հռչակվում է թմրամոլ, խուլիգան, հարկերից խուսափող ու հայտնվում բանտում։ Ինձ ուղղակի ցնցեց այս անպարկեշտ ու խայտառակ զեկույցը, որը պատրաստել են մեզ բոլորիս իրենց բացահայտ կողմնորոշմամբ հայտնի Ագրամունտն ու Իվինսկին»,- ասել է Զոհրաբյանը:

Նա նշել է, որ Իվինսկու և Ագրամունտի համար իրենց զեկույցը գրելու ամենահավաստի աղբյուրն ադրբեջանական ԱՊՊԱ լրատվական գործակալությունն է եղել։

«Եվ մեր հարգարժան համազեկուցողները միանում են ադբեջանական ԱՊՊԱ-ին՝ մեղադրելով Հայաստանին՝ «ժողովրդավարության փարոս» Ադրբեջանի դեմ ապատեղեկատվություն տարածելու մեջ, որպեսզի Բաքվում տեղի ունեցող առաջին Եվրոպական խաղերը տապալվեն։ Պարզվում է՝ հայկական լոբբին և մի քանի արևմտամետ հասարակական կազմակերպություն, ինչպես նշում են հանրահռչակ համազեկուցողները, չարամտորեն չափազանցնում են Ադրբեջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, կոռուպցիայի և ժողովրդավարության հետ կապված խնդիրները։ Ինչպիսի դարակազմիկ մառազմ», - ասել է ԲՀԿ պատգամավորը:

Ինչ վերաբերում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հրապարակված փաստերին՝ Ադրբեջանում տիրող խայտառակ հակաժողովրդավար վիճակի վերաբերյալ, ապա Զոհրաբյանը նշել է, որ այստեղ ևս համազեկուցողների հոգուն առավել հոգեհարազատ է եղել ադրբեջանական ԱՊՊԱ գործակալության մեկնաբանությունը, ըստ որի՝ նշյալ կազմակերպությունները աղավաղում են Ադրբեջանի ներքին քաղաքականությունը և մոլորեցնում են միջազգային հանրությանը։

Առաջին Եվրոպական խաղերը մեկնարկեցին Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում:

«Իհարկե, հասկանալի է, որ այս երկու գործիչների համար ամենահավաստի աղբյուրը ոչ թե բանտերում լցված լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստներն են, այլ անձամբ Իլհամ Հեյդարովիչ Ալիևը», - շեշտել է պատգամավորը:

Զոհրաբյանը հայտնել է, որ միանում է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությանը, որ բռնապետությունները տեղ չունեն Եվրոպայում։

«Հարգելի գործընկերներ, որքա՞ն պիտի դեռ մենք թույլ տանք, որ ահա այսպես հրապարակայնորեն անարգեն մեր կառույցը։ Եթե, իհարկե, մենք որոշել ենք հարգել մեր կառույցի հիմնարար արժեքները և Եվրոպայի խորհուրդը վերջնականապես չվերածել մի ինչ-որ կիսանավթային սուլթանության դուստր ձեռնարկության։ Այլապես, տպավորություն է ստեղծվում, որ մեր կառույցում սկսում է գործել ստոկհոլմյան սինդրոմը, երբ պատանդը սկսում է պաշտպանել իրեն պատանդ վերցնողին։ Պատանդ վերցնողը, տվյալ դեպքում, կարծում եմ, հասկացաք, որ Ադրբեջանն է», - ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանն ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել խաղերը լուսաբանելու համար, ներառյալ՝ բրիտանական The Guardian-ը:

Հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանի`Բունդեսթագը ընդունել է «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» խորագրով բանաձևը: Ընդունված բանաձևում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանում մարդու իրավունքների պարբերական խախտումների, ընդդիմադիր ԶԼՄ-ների ճնշումների և քաղբանտարկյալների առնչությամբ: Գերմանացի պատգամավորները նշել են, որ նախորդ տարվանից Ադրբեջանի կառավարությունը լռեցրել է երկրի գրեթե բոլոր անկախ ու ընդդիմադիր ԶԼՄ-ներին: Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ Մարիետ Շաակեն կոչ արեց գործընկերներին ու Եվրոպայի քաղաքական գործիչներին բոյկոտել Եվրոպական խաղերն ու հրաժարվել մասնակցությունից այդ միջոցառմանը: Հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---