Ադրբեջանը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. Պատճառը «կանխակալ վերաբերմունքն ու երկակի չափանիշներն» են

Ադրբեջանը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. Պատճառը «կանխակալ վերաբերմունքն ու երկակի չափանիշներն» են

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյան» բանաձևը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Բաքվի հանդեպ կանխակալ և չհիմնավորված մոտեցման ևս մեկ օրինակ է:

Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում «ակնհայտ է քաղաքական կայունությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական բարեկեցությունն ու ազատ քաղաքացիական հասարակությունն ու խոսքի ազատությունը», տեղեկացնում է Contact.az-ը:

Ադրբեջանի արտգործնախարարության գնահատմամբ՝ «կանխակալ վերաբերմունքն ու երկակի չափանիշները» Բաքվին մտածելու տեղիք են տալիս, թե որքանով է անհրաժեշտ Բաքվի մասնակցությունը Եվրոպայի խորհրդում ու նրա խորհրդարանական վեհաժողովում։

Հունիսի 22-26-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթաղքում ներկայացված Ադրբեջանի մասով զեկույցը գնահատում է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարումը, դատական համակարգի վիճակը երկրում, ընտրական համակարգի խնդիրները նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո: Փաստաթղթում արձանագրվում է, որ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ անտեսվել են երկրի իշխանությունների կողմից: Նշվում է երկրում հավաքների և արտահայտվելու ազատության խախտման փաստերը, դատական համակարգի կախվածությունը գործադիր իշխանությունից: Դիտարկման կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացման և անկախ ՈԿԿ-ների ու իրավապաշտպանների գործելու անկարողության, անկախ ԶԼՄ-ների հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթում նաև կոչ է արվում կառավարությանը վերջ տալ սիստեմատիկ հետապնդումներն և իշխանությունների քննադատների լռեցմանը:

Զեկույցում նաև նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ԵԽ Նախարարների խորհրդի բոլոր նախորդ խորհուրդների ու որոշումների կատարման անհրաժեշտությունը, որոնք պետք է ուղղված լինեն իշխանության թևերի տարանջատմանն ու հավաքների և արտահայտվելու ազատության ապահովմանը երկրում:

«Ադրբեջանի բոլոր ձեռքբերումներն ադրբեջանցի ժողովրդի շահերը ապահովելու նպատակ ունեն, այլ ոչ թե ինչ-որ միջազգային կառույցի հավանությանն արժանանալ», - նշում է ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Եվրոպայի խորհուրդը հակաադրբեջանական փաստաթուղթ է ընդունել, քանի որ Եվրոպային խանգարում է դինամիկ զարգացող մուսուլմանական երկիրը։

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանն ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել խաղերը լուսաբանելու համար, ներառյալ՝ բրիտանական The Guardian-ը:

Հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանի`Բունդեսթագը ընդունել է «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» խորագրով բանաձևը: Ընդունված բանաձևում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանում մարդու իրավունքների պարբերական խախտումների, ընդդիմադիր ԶԼՄ-ների ճնշումների և քաղբանտարկյալների առնչությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---