27 հունիսի 2015 - 01:11 AMT
Բաղրամյան պողոտայում ատրճանակ է հայտնաբերվել․ Այն կրողը բերման է ենթարկվել

Հունիսի 27-ին` ժամը 00.20-ին, Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել:

Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992-ին ծնված Տիգրան Ռոստոմյանն է:Ատրճանակն առգրավվել է։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Մինչև այդ Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնողներին է մոտեցելՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու կոչ արել ավելի վաղ Մաշտոցի պողոտան փակած երիտասարդների բացել ճանապարհը, գրում է Panorama.am-ը: Երթևեկությունը Մաշտոցի պողոտայում կաթվածահար էր եղել։

«Ոստիկանությունը գործողություն չի իրականցի ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդն օրինապահ է: Կենդանի պատ եք կանգնել, մե՞նք ենք ժողովրդի թշնամին, մենք ժողովրդի պաշպանն ենք: Սա մեր բոլորի քաղաքն է, չի կարելի փակել գլխավոր պողոտաները»,- ասել է ոստիկանապետը:

Ավելի ուշ ոստիկանները ցուցարարներից ազատեկլ են Մաշտոցի պողոտան, երթևեկությունը վերականգնվել է։