Ֆրանսիայի Բուկ-Բել-Էրի քաղաքի հրապարակը կվերանվանվի Անրի Վերնոյի պատվին

Ֆրանսիայի Բուկ-Բել-Էրի քաղաքի հրապարակը կվերանվանվի Անրի Վերնոյի պատվին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ֆրանսիական Բուկ-Բել-Էրի քաղաքի մուտքի հրապարակը անվանակոչվել է Անրի Վերնոյի անունով (ծնված` Աշոտ Մալաքյան): Հունիսի 27-ին մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցելավ հրապարակի բացումը` Բուկ-Բել-Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեյի, Անրի Վերնոյի տիկնոջ և նրանց զավակներ` Սոֆի և Պատրիկ Մալաքյանների ընտանիքների, հոգևոր հայրերի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ:

ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ բացման խոսքում քաղաքապետ Ռիշար Մալիեն նշել է, թե 100 տարի է անցել Օսմանյան Թուրքիայի իրականացրած ամենամեծ ոճրագործությունից՝ Հայոց ցեղասպանությունից, բայց Թուրքիան և միջազգային ողջ հանրությունը դեռ չի ճանաչել այն: Սակայն քիչ չեն գիտակից մարդիկ, հատկապես՝ արվեստագետները, ովքեր իրենց արվեստով փորձում են ևս մեկ անգամ դատապարտել Թուրքիային ու կոչ անել ճանաչել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը: Նրանց շարքում էր նաև կինոռեժիսոր Անրի Վերնոյը, ով գեղարվեստական կինոյի լեզվով փոխանցեց այն, ինչը, գուցե, ճառերով կամ վավերագրական կինոժապավենով անհնար է ասել:

Անրի Վերնոյի դուստր Սոֆի Մալաքյանն էլ իր շնորհակալական խոսքում նշել է, որ իր ընտանիքի պատմությունը ներկայացնող «Մայրիկ» և «Պարադիի փողոց, տուն 588» ֆիլմերում իր հայրը կարողացավ պատկերավոր և ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ, Մարսելում ապաստանած հայ փախստականների վիճակը՝ հուզելով ողջ աշխարհին և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը հաղթահարած հայ գաղթականների՝ մահին հաղթելու և բոլոր դժվարություները հաղթահարելու կամքը:

Անրի Վերնոյը ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ է։ Ծնվել է 1920-ին Թուրքիայում, այնուհետև ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Աշխատել է ֆրանսիացի նշանավոր կինոդերասանների հետ՝ Ժան Գաբեն, Ալեն Դելոն, Ժան Պոլ Բելմոնդո, Իվ Մոնտան և այլոց։ Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951, ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ Վեռնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952), «Կառնավալ» (1953), «Կովը և զինվորը» (1959), «Նախագահը» (1961), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968), «Սարսափ քաղաքում» (1975), «Հազար միլիարդ դոլար» (1982) և այլն։ Նա արժանացել է «Օսկար» («Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմի սցենարի համար, 1956), «Ոսկե արմավենու ճյուղ» («Հարյուր հազար դոլար արևի տակ», 1964, Կանն), «Սեզար» (կինոյում ունեցած ներդրման համար, 1996, Ֆրանսիա) մրցանակների։ Վեռնոյը Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր։ Ֆրանսահայ ռեժիսորը 1991-ին նկարահանում է «Մայրիկ» կենսագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա (Մարսել) գաղթած մի հայ ընտանիքի պատմություն։ Վեռնոյը 1988-ի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» I աստիճանի շքանշանով (1980)։

2013-ին Մարսելում բացվել է Անրի Վերնոյի անվան հրապարակ: 2015-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարակից փողոցն հանդիսավորությամբ կոչվեց ֆրանսահայ անվանի կինոգործիչի անունով: Նույն փողոցում բացվեց նաև արվեստագետի հուշաքարը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---