Միջուկային համաձայնագիրը. Ինչպե՞ս այն կազդի Իրան-Հայաստան հարաբերությունների վրա

Միջուկային համաձայնագիրը. Ինչպե՞ս այն կազդի Իրան-Հայաստան հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - ԻԻՀ դեմ պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Իրանիտնտեսական երկկողմհարաբերությունների վրա, PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

«Սկզբնական շրջանում մեզ համար կարևոր հանգամանքն Իրանի բանկային համակարգի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումն է: Ինչպես հայտնի է, մեր էներգետիկ նախագծերի ֆինանսավորման մեծ մասը կատարում է իրանական կողմը: Վերջին տարիներին հենց պատժամիջոցների պատճառով է սառեցվել մի շարք նախագծերի իրականացումը»,- ասաց Իսրայելյանը:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) հուլիսի 16-ին համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ:

Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի խոշոր նախագծերին՝ փորձագետը նշեց, որ մինչև 2018-ը նախատեսվում է ավարտին հասցնել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, ընթացքի մեջ է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը: Արաքս գետի էկոլոգիայի փոփոխության պատճառով 2014-ին վերանայվեց Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման մասին պայմանագիրը, և իրանական ընկերությունները շուտով կսկեն շինարարությունը:

Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցմանը, ըստ Իսրայելյանի, խոչընդոտում են ոչ այնքան ֆինանսական միջոցների բացակայությունը, որքան տարածաշրջանում ազդեցություն ունեցող գերտերությունների հակասությունները:

«Բնականաբար, միջուկային խնդրի կարգավորմամբ իրավիճակը կփոխվի, ինչպես նաև նաև տարածաշրջանում և դրանից դուրս գտնվող անվտանգության միջավայրը: Այդ պարագայում արդեն ներդրողներն իրենք շահագրգռված կլինեն երկաթգծի կառուցմամբ», - նշեց նա:

Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին:

Իսրայելյանը, միաժամանակ, ընդգծեց, որ Իրանի և Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները $300 մլն-ից չեն անցնում, եթե հաշվի առնել, որ դրա մեծ մասը բաժին է ընկնում գազի ներկրմանն ու էլեկտրաէներգիայի արտահանմանը, ապա ապրանքների մասով ստացված արդյունքը գոհացուցիչ չէ:

«Մինչ խոշոր էներգետիկ նախագծերի իրականացնելը, պետք է Իրանի հետ զարգացնենք տնտեսական հարաբերությունները հատկապես փոքր ու միջին բիզնեսում: Պետք է ստեղծվեն համատեղ ձեռնարկություններ: Եվրոպական երկրներն արդեն իսկ ցանկություն են հայտնել ներդրումներ կատարելու Իրանում: Այդ պարագայում բնականաբար նրանք նոր շուկաների կարիք կունենան», - ասաց իրանագետը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է փորձի ԵԱՏՄ-ի առիթն օգտագործելով շահագրգռել իրանցիներին, այդ թվում նաև Իրանում գործող եվրոպացի գործարարներին ներդրումներ կատարելու ՀՀ-ում և երկրի միջոցով իրենց ապրանքն արտահանելու Միության երկրներ:

Բացի այդ, իրանագետի խոսքով, որոշակի աշխուժություն կնկատվի զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև կակտիվանան միջբուհական շփումները, իրանցի ուսանողների ներհոսք կնկատվի:

Անդրադառնալով համաձայնագրի արդյունքում տարածաշրջանի տնտեսական, քաղաքական զարգացումներում Իրանի դերի փոփոխմանը՝ Իսրայելյանը շեշտեց, որ ԻԻՀ-ն իր ակտիվ գործողություններով արդեն իսկ ապացուցել է, որ առանց իր մասնակցության՝ Միացյալ Նահանգներն էական հաջողություն չեն կարող ունենալ ինչպես «Իսլամական պետության» դեմ պայքարում, այնպես էլ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում անվտանգության հաստատման գործում:

«Որքան էլ Միացյալ Նահանգները հայտարարեն, թե «միջուկային համաձայնությունը» չի ենթադրում Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորում, միջուկային խնդիրն առիթ էր, որի միջոցով ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները փաստացի Իրանի հետ համագործակցության դաշտ ձևավորեցին», - նկատեց փորձագետը:

Նրա խոսքով՝ Թեհրանն էլ կատարեց իր զիջումները. գործող նախագահ Հասան Ռոուհանին բավականին ծանր տնտեսական պայմաններում ստանձնեց պաշտոնը և եթե նա շարունակեր Ահմադինեժադի քաղաքականությունը, ապա մեծ էր հավանականությունը, որ Իրանը նույնպես կարժանանար Սիրիայի ճակատագրին:

«Ինչևէ, միջուկային խնդրի շուրջ համաձայնությունը բխում է թե՛ Իրանի և թե՛ Արևմուտքի շահերից», - շեշտեց Իսրայելյանը:

Ըստ փորձագետի՝ Իրանը բոլոր հնարավորություններն ունի ստանձնելու տարածաշրջանի գերտերության դերը: Միացյալ Նահանգները կփորձի հենց Իրանի միջոցով պահպանել տարածաշրջանի հավասարակշռությունը, ինչպես դա արվում էր շահի օրոք: Ակնհայտ է, որ այդ պարագայում զգալիորեն կնվազի տարածաշրջանային մյուս խաղացողների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի դերը:

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Իսրայելյանը նշեց ,որ վերջին տարիներին Իրանի թուլությունից օգտվում էր Թուրքիան՝ փորձելով մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:

Ըստ իրանագետի՝ եթե ԻԻՀ-ին հաջողվի Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա հասցնել նվազագույնի, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ևս կարելի է դրական ակնկալիքներ ունենալ:

Ըստ փաստաթղթի, Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ:

Կհանվի նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար: Հայտնի է նաև, որ Իրանը առնվազն 15 տարի չի արտադրի պլուտոնիում և հարստացված ուրան` հրաժարվելով ուրանի հարստացումից ավելի քան 3,67%-ով: Այդ մասին բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---