Հունաստան. Բանկերը բացվում են, ԱԱՀ-ն ու գները` աճում

Հունաստան. Բանկերը բացվում են, ԱԱՀ-ն ու գները` աճում

PanARMENIAN.Net - Հունական բանկերը կբացվեն երեքշաբաթյա «արձակուրդից» հետո: Թեև մի շարք սահմանափակումներ, կապված կապիտալի շարժի վերահսկողության հետ, առաջին հերթին կանխիկ գումարների հարցում, պահպանվում են, հաճախորդները կարող են լրացուցիչ գործողություններ կատարել ու ստանալ անհրաժեշտ բանկային փաստաթղթերը: Սպասվում է, որ առաջին անգամ 3-շաբաթյա դադարից հետո կաշխատի Աթենքի բորսան:

Հուլիսի 20-ից կկիրառվեն նաև ԱԱՀ նոր դրույքաչափեր: Ըստ մասնագետների, ապրանքների զգալի մասի գինը կաճի 9 տոկոսով: Ընդհանուր առմամբ գնաճը կվերաբերի բոլոր ապրանքներին ու ծառայություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունական բանկերը փակվեցին հունիսի 29-ին հաշվեհամարներից գումարների աժիոտաժային հանումից հետո, երբ հայտնի դարձան միջազգային վարկատուների հետ համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները: Կառավարությունը «բանկային արձակուրդները» բացատրեց արտակարգ հանգամանքներով, Հունաստանի ֆինանսական համակարգը պաշտպանելու շտապ և անկանխատեսելի անհրաժեշտությամբ: Սահմանափակում մտցվեց` բանկոմատից կարելի էր հանել օրական միայն 60 եվրո կամ ամսական 1,8 հազար եվրո:

Մեկշաբաթյա «բանկային արձակուրդը» 4 անգամ երկարացվեց: Բանկերի փակումն ու կապիտաի շարժի հսկողությունը 3 մլրդ վնաս հասցրեց Հունաստանին, եթե չհաշվենք կորուստները զբոսաշրջության ոլորտում: Հունաստանի մանրածախ առևտուրը մոտ 600 մլն եվրո կորցրեց:

Հունաստանը ժամանակին չփոխանցեց հերթական վարձավճարը ԱՄՀ-ին բարեփոխումների ծրագրի շուրջ բանակցությունների տապալումից հետո: Հունաստանը բավարար միջոցներ չունի արտաքին ու ներքին պարտավորությունները սպասարկելու համար, իսկ ԵՄ գործընկերները նոր կոշտ բարեփոխումներ են պահանջում վարկերի դիմաց:

«Հուլիսի 20-ին կբացվեն բոլոր բանկերը, կընդլայնվի բանկային գործողությունների ցանկը»,-ասվում է Հունաստանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: Օրական հնարավոր է հանել 60 եվրո, սակայն մի քանի օրվա գումարը կարելի է միանգամից ստանալ` շաբաթական 420 եվրո:

Խոշոր ֆինանսական գործողությունները նախկինի պես թույլատրվում են միայն ֆինանսների նախարարության հատուկ հանձնաժողովի թույլտվությամբ: Բանկային քարտերով վճարումների սահմանափակումներ չկան:

Ժամանակավորապես արգելված է նոր հաշվեհամարների բացումը, որոշ բացառություններով: «Արգելվում է կապիտալների ու կանխիկ գումարի փոխանցումն արտերկիր»,-ասվում է փաստաթղթում, բացառությամբ արտերկրում Հունաստանի դեսպանությունների աշխատակիցների աշխատավարձերի վճարման համար նախատեսված գումարների:

Հուլիսի 20-ից սկսվում է ԱԱՀ նոր տոկոսադրույքների կիրառումը: Հյուրանոցների համար ժամանակավորապես` մինչև սեպտեմբերի 30-ը, կգործի 6 տոկոս տոկոսադրույքը: Հոկտեմբերից, երբ կավարտվի զբոսաշրջային շրջանը, տոկոսադրույքը կդառնա 13 տոկոս:

Մինչև 23 տոկոսով կբարձրանա հասարակական տրանսպորտում և տաքսիով երթևեկության ԱԱՀ-ն, 23 տոկոս կվճարեն հասարակական սննդի օբյեկտները:

13-ից մինչև 23 տոկոս է ավելացել թռչնամսի, շաքարի, կարագի և յուղերի, սուրճի, թեյի, մշակված և վերամշակված սննդամթերքի, մակարոնեղենի, բրնձի, բանջարեղենի և մրգերի, անասնակերի, վառելափայտի, 10 ավելի ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոմեքենաների ԱԱՀ-ն:

Ակնկալվում է, որ գներն ըստ այդմ կաճեն մոտ 9 տոկոսով: Չեղյալ են համարվում բոլոր արտոնությունները: 23 տոկոսով կհարկադրվի կրկնուսույցների աշխատանքը: Նախկինում այդ գործունեությունը չէր հարկադրվում:

13 տոկոս ԱԱՀ է սահմանվում էլեկտրաէներգիայի, ջրի և սննդամթերքի որոշ տեսակների համար:

6 տոկոսով հարկադրվում են դեղերը, գրքերը, ամսագրերը, թերթերն ու թատրոնների տոմսերը:

Ըստ Հունաստանի գանձապետարանի հաշվարկների, ԱԱՀ բարձրացումը տարեկան կտա 2,39 մլրդ եկամուտ: Ընդհանուր առմամբ հարկերի բարձրացումը բյուջեին տարեկան կտա 3,2 մլրդ եվրո:

Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:

Հունաստանն, իր հերթին պետք է մասնավորեցնի 50 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ օբյեկտներ: «Ինտերֆաքսը» Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի վրա հղումով հայտնում է, որ գումարը փոխանցվելու է հատուկ հիմնադրամի: Այդ միջոցների մի մասը` 25 մլրդ եվրո, կօգտագործվի հունական բանկերի վերակապիտալիզացման համար: Եթե Հունաստանի խորհրդարանը հաստատի համաձայնագիրն առաջիկա 2 օրերին, մյուս երկրների խորհրդարանները կկարողանան սեփական քվեարկությունը կազմակերպել այդ հարցի վերաբերյալ, հավելել է նա:

Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---