Մատենադարանը համալրվել է իրանահայ հայտնի արվեստագետների գործերով

Մատենադարանը համալրվել է իրանահայ հայտնի արվեստագետների գործերով

PanARMENIAN.Net - Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուն համալրվել է միջազգային արվեստում հայտնի իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի աշխատանքներով: Նվիրատվության հեղինակը նրանց ժառանգորդ՝ Էմմանուել Սևրուգյանն է:

2014-ի սեպտեմբերին Մատենադարանը համաձայնագիր էր կնքել Գերմանիայի քաղաքացի, 90-ամյա Սևրուգյանի հետ, ըստ որի նա նվիրաբերում է իր հորից և պապից ժառանգած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները՝ 100-ից ավելի նմուշներ:

Սևրուգինների աշխատանքները ցուցադրված են աշխարհի հայտնի թանգարաններում: Նրանց արվեստի մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, լույս տեսել մի քանի ալբոմներ:

Հավաքածուն հանրությանը ներկայացնելու համար Մատենադարանի տնօրենությունը նախատեսում է մի շարք ցուցահանդեսներ կազմակերպել, այդ թվում՝ թեմատիկ ցուցադրություններ, ինչպես նաև ալբոմներ հրատարակել: Ծրագրվում է թեմատիկ սեմինար անցկացնել:

Մատենադարանում կարևորում են նաև հավաքածուների ամբողջական, համապարփակ ուսումնասիրումը, գիտական շրջանառության դրվելը և ուսումնասիրող-հետազոտողներին հասանելի դարձնելը:

Սևրուգյանի գործերը, հատկապես՝ մանրանկարները, հինարևելյան մշակույթով են ոգեշնչված:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---