ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է գումարում Թուրքիայի խնդրանքով

ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է գումարում Թուրքիայի խնդրանքով

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է գումարում դեսպանների մակարդակով` Թուրքիայի խնդրանքով, կապված վերջին ահաբեկչական գործողությունների հետ երկրում:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Թուրքիան հուսով է, որ ՆԱՏՕ-ն կսատարի երկրի ջանքերին ահաբեկչությանը հակազդելու գործում, հուլիսի 28-ին լրագրողներին է ասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այսօր տեղի կունենա ՆԱՏՕ-ի հատուկ նիստը: Հուսով եմ, որ մեր դաշնակիցները կսատարեն մեզ և կանեն ամեն ինչ, ինչ կախված է իրենցից»,-ասել է Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Էրդողանը հայտարարել է նաև, որ անհնար է շարունակել խաղաղ բանակցությունները քուրդ ծայրահեղականների հետ, հայտնում է Reuters-ը: «Մենք չենք կարող շարունակել խաղաղ բանակցությունները նրանց հետ, ով սպառնում է մեր ազգային միասնությանն ու եղբայրությանը»,-ասել է նա: Էրդողանը նաև կոչ է արել խորհրդարանականներին զրկել անձեռնմխելիությունից այն քաղաքական գործիչներին, որոնք կապված են ահաբեկչական խմբավորումների հետ, հայտնում է Լենտա.ռու-ն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ նախազգուշացրել էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին` հորդորելով չկասեցնել խաղաղ գործընթացը քրդերի հետ, ինչին խոչընդոտում են թուրքաիան օդուժի ավիահարվածները Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին: «Բոլոր երկրներն ունեն ինքնապաշտպանության իրավունք: Թուրքիան իրավունք ունի պաշտպանվել ահաբեկիչների հարձակումներից, սակայն կարևոր է, որ միջոցները համաչափ լինեն և անհարկի չհանգեցնեն հակամարտության սրացմանը»,-ասել է Ստոլտենբերգը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ զրուցակիցները խոսել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների մասին:

Թուրքական «Hurriyet»-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Գեորդ Շթրայթերի հայտարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն Մերկելին տեղեկացրել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում տեղի ունեցած պայթյունից հետո թուրքական զորքերի` Սիրիայում և Իրաքում իրականացրած գործողությունների մասին:

Մերկելը աջակցություն է հայտնել Դավութօղլուին ահաբեկչության դեմ մղվող պայքարում և հիշեցրել, որ համապատասխան միջոցներ ձերնարկելիս պետք է հետևել դրանց համաչափ լինելուն:

Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ չնայած առկա դժվարություններին թուրքական իշխանությունները և ՔԱԿ-ը չեն հրաժարվի սկսված խաղաղության գործընթացից, հայտնում է Ermenihaber-ը:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---