Կառավարությունը կֆինանսավորի Աղձքի հնավայրերի պեղումները. Ծրագիրը գիտական է և կրթական

Կառավարությունը կֆինանսավորի Աղձքի հնավայրերի պեղումները. Ծրագիրը գիտական է և կրթական

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Աղձք համայնքի (նախկինում Ձորափ) տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրերի պեղումներն ընթացքի մեջ են: Դրանք պարբերաբար կատարվել են, բայց կիսատ են մնացել, և 2014-ին Աղձք այցի շրջանակում ծանոթանալով 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների դամբարանի և պեղավայրի վիճակին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր վերսկսել աշխատանքները:

Արշակունիների դամբարանը պեղած հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը հուլիսի 29-ին վարչապետին է ներկայացրել պեղումների առաջին փուլում կատարված աշխատանքների արդյունքները, պեղավայրում հայտնաբերված գտածոները և հաջորդ փուլերի վերաբերյալ հնագիտական արշավախմբի առաջարկությունները:

Պատմական Աղձք համայնքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002-ին ներառվել է 14 հուշարձան, այդ թվում՝ 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 –ին կառուցված արքայական դամբարանը, 4-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն:

Աբրահամյանը նշել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը Կառավարության ուշադրության կենտրոնում է, և գործադիրը կշարունակի անհրաժեշտ միջոցներ հատկացնել պեղումներն ավարտին հասցնելու համար:

Կառավարության ղեկավարը կարևորել է պատմամշակութային բացառիկ կոթողների պահպանումը և արժևորումը: Իր հերթին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ մշակվել և Կառավարություն է ներկայացվել հնագիտության զարգացման ծրագիր, որը ոչ միայն գիտական, այլև կրթական կարևոր նպատակ ունի, այն է՝ ընտրել յուրաքանչյուր շրջանի ամենակարևոր հուշարձանը, հնավայրը և իրականացնել կրթական ու զբոսաշրջային ծրագրեր:

Մայիսին միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի 2-րդ նիստում այս տարվա ընթացքում 11 հուշարձանի պեղման թույլտվություն է տրվել: Դանցից 8-ում շարունակվում են նախորդ տարիներին սկսված պեղումները: Այդ հուշարձաններն են Վայոց Ձորի մարզի Գնդեվազի դամբարանադաշտը, Արագածոտնի Ներքին Նավերը, Սյունիքում գտնվող Աղիտու գյուղը, Որոտանի կիրճի 3 քարայրը, Կոտայքի քարի-երկաթի դարերի հնավայրը, Արագածոտնի Գեղարոտ գյուղը, բրոնզեդարյան ամրոց-բնակավայրը և դամբարանադաշտը, Արարատի մարզի Լուսառատ գյուղը, Արտաշատ մայրաքաղաքը, Արագածոտնի և Արմավիրի դարան-որսատեղիները, Արագածոտնի Տիրինկատարի (Կարմիր սար) նորահայտ վիշապ քարակոթողների զբաղեցրած տարածքը, իսկ 3-ում՝ Արարատի Հավուց թառում, Արագածոտնի Արուճի բնակատեղիում և Ներքին Սասնաշենում պեղումները նոր կսկսվեն: Այս հուշարձաններն ընդգրկում են քարի դարից մինչև վաղ միջնադար ընկած ժամանակահատվածը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---