The Guardian-ի թղթակից. ԱՄՆ-ն Անկարայի և ԻՊ գործակցության մասին վկայող փաստեր ունի

The Guardian-ի թղթակից. ԱՄՆ-ն Անկարայի և ԻՊ գործակցության մասին վկայող փաստեր ունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն փաստեր ունի, որ Անկարան և ԻՊ-ն գործակցում են նավթի վաճառքի հարցերում։ Այս մասին գրել է բրիտանական The Guardian-ի թղթակից Մարտին Չուլովը Թուրքիայի և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման միջև առկա կապի մասին հուլիսի 28-ին հրապարակած իր հոդվածում:

Համաձայն նրա տեղեկությունների՝ ԱՄՆ-ն 2013-ին ԻՊ-ի նավթի ապօրինի վաճառքի պատասխանատուներից Աբու Սայյաֆի դեմ իրականացրած գործողության ընթացքում բազմաթիվ փաստեր ու փաստաթղթեր է ձեռք բերել, որոնցով ապացուցվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղյակ է ԻՊ-ից անօրինական ճանապարհով նավթի գնման դեպքերի մասին, գրում է Tert.am-ը:

Հոդվածագիրը նաև նշում է, որ թուրք սահմանապահներն աչք են փակում զինված խմբերի՝ Սիրիա անցնելու փաստերի վրա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու ԱՄՆ-ն այդ փաստաթղթերը չի հրապարակում՝ Չուլովը նշում է, որ Միացյալ Նահանգները դա որպես Թուրքիայի դեմ խաղաթուղթ է պահում:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Իրավիճակը Թուրքիայում կտրուկ սրվեց հուլիսի 20-ին Սուրուչում ահաբեկչությունից հետո. Հուլիսի 20-ին քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում պայթյունի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին:

Հուլիսի 29-ին Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը, պայթեցվել է ահաբեկիչների կողմից Շիրնակ գավառում` երկրի հարավ-արևելքում: Հուլիսի 28-ին պայթեցվեց Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---