Սահմանադրության փոփոխված նոր դրույթները. Գլխավոր դատախազին և ԿԲ նախագահին կնշանակի ԱԺ-ն

Սահմանադրության փոփոխված նոր դրույթները. Գլխավոր դատախազին և ԿԲ նախագահին կնշանակի ԱԺ-ն

PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար՝ այն տեղադրելով ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

Հուլիսի 15-ին հրապարակված Սահմանադրության 1-7-րդ գլուխներին գումարվել է փոփոխված ևս 8 գլուխ, իսկ նախորդ 7-ը խմբագրվել են:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 8-րդ գլուխը վերաբերում է դատախազության և քննչական մարմինների գործունեությանը: 176-րդ հոդվածի համաձայն, գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով` պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազի պաշտոնում։ Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

9-րդ` «Տեղական ինքնակառավարման մարմինները» գլխում սահմանվում է, որ համայնքի մարմինները՝ ավագանին ու ղեկավարն ընտրվում են հինգ տարով՝ գործող Սահմանադրությամբ 4 տարվա փոխարեն:

Նախագծի 14-րդ գլուխը վերաբերում է Կենտրոնական բանկին: Սահմանադրությամբ ԿԲ նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` 6 տարի ժամկետով, իսկ նոր Սահմանադրության նախագծի համաձայն ԿԲ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5 ձայների մեծամասնությամբ, 6 տարի ժամկետով: Երկու դեպքում էլ ԿԲ նախագահը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել նույն պաշտոնում:

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը:

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքում ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է ՀՀ Սահմանադրության 1-7-րդ գլուխը:Սահմանադրության նշված գլուխների 52-էջանոց նախագծի նախնական տարբերակը հրապարակվել է հանրային քննարկումների համար՝ տեղադրվելով ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրության 1-7-րդ գլուխը վերաբերվում է սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, հանրապետության նախագահին, ազգային ժողովին, կառավարությանը, դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարմանը:

Ավելի վաղ հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն): Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:

Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին:

Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

Վենետիկի հանձնաժողովը հուլիսի 31-ին հրապարակել է իր նախնական դիտարկումներըՀայաստանում սահմանադրության փոփոխություններինախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկում է հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները: Բացի այդ, առաջարկվում է չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---