Սահակյան. Խաղատունը լինելու է Համալիրից հեռու՝ կառուցապատման ենթակա տարածքում

Սահակյան. Խաղատունը լինելու է  Համալիրից հեռու՝ կառուցապատման ենթակա տարածքում

PanARMENIAN.Net - Մարզահամերգային համալիրի ճարտարապետությանը խոչընդոտող որևէ բան չի կառուցվելու: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Համալիրն այնքան թանկ է և կարևոր մեզ համար, որ այնտեղ որևէ բան առանց շենքի ճարտարապետների պատկերացումների չի լինելու: Գործարքի հիմքում դրված է ծրագիր, որը նոր շունչ և նոր կյանք է հաղորդելու նրան: Մենք պետք է այնպես անենք, որ մեր քաղաքի ամենաակտիվ կառույցներից մեկը լինի մարզահամերգային համալիրը», - ասել է Սահակյանը, մեջբերում է Tert.am-ը:

Նա նաև հայտարարել է, որ մարզահամերգային համալիրում խաղատուն չի լինելու:

«Ինչ վերաբերում է կառուցապատմանը, ապա այն իրականացվելու է «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին, իսկ այն բավական հեռու է համալիրի տարածքից: Այդ գործընթացը խիստ վերահսկելի է », - ասել է Սահակյանը՝ շեշտելով, որ ցանկացած կառուցապատում միայն օժանդակելու է համալիրի պահպանմանը:

«Այո՛, խաղատուն լինելու է կառուցապատվող տարածքում, օրենքը չի արգելում», - ասել է վարչության պետը՝ վկայակոչելով օրենքը, ըստ որի, եթե կառուցապատողը $100 միլիոնի ներդրում է անում, ապա կարող է և խաղատուն կառուցել:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է: Ընկերությունը պարտավորվում է իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը,ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Այն մասին, որ Մարզահամերգային համալիրում կազինո լինել չի կարող լինել և չի լինելու, ավելի վաղ հայտարարել է նաև ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին, գրանցման հասցեն էլ՝ բնակարանի հասցե է: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---