Ավստրիայի ԱԳ նախարար. Ներգաղթյալների ընդունման ԵՄ համակարգն այլևս չի աշխատում

Ավստրիայի ԱԳ նախարար. Ներգաղթյալների ընդունման ԵՄ համակարգն այլևս չի աշխատում

PanARMENIAN.Net - Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ներգաղթյալների ընդունման Եվրամիության քաղաքականության առանցքային դրույթները չեն աշխատում:

«Հունաստանը ջանում է ամեն ինչ անել որպեսզի փախստականները որքան հնարավոր է արագ անցնեն Մակեդոնիա, հետո Սերբիա, հետո`Հունգարիա, մինչև որ կհասնեն ԵՄ հարուստ երկրներ` Ավստրիա և Գերմանիա: Ճշմարտությունն այն է, որ Դուբլինի համակարգն այլևս չի աշխատում:

Ըստ ԵՄ «Տրիտոն» գործողության ղեկավարի հրապարակած տվյալների, 2015-ի հունվար-հուլիսին ԵՄ տարածք է մուտք գործել 340 հազար ներգաղթյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:

Դուբլինի կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1997 թ., իրավունք է տալիս օտարերկրացիներին փախստականի կարգավիճակ խնդրել Եվրամիության ցանկացած երկրում նույն պայմաններով, նշում է BBC-ին:

Օգոստոսի 27-ին Ավստրիայում մեկնարկում է Արևմտյան Բալկանների երկրների խորհրդաժողովը, որտեղ քննարկվելու է փախստականների հարցը, որոնք ԵՄ են ժամանում Արևելյան Եվրոպայի պետությունների տարածքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը հայտարարեց, որ ազատ տեղաշարժը Շենգենի գոտում կարող է վտանգի տակ հայտնվել: Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնեց Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը Բեռլինում իր գերմանացի պաշտոնակից Թոմաս դը Մեզիերի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---