Բաբայան. Ադրբեջանը իրավիճակը լարված կպահի, բայց պատերազմի չի գնա

Բաբայան. Ադրբեջանը իրավիճակը լարված կպահի, բայց պատերազմի չի գնա

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակելու է իրավիճակը լարված պահել, բայց պատերազմի պատրաստ չէ: Ավելին՝ լավ հասկանում է, որ իր բանակը ի վիճակի չէ հաղթել հայկական միացյալ ուժերին` ՀՀ-ին ու ԼՂՀ-ին: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

«Եթե լինի պատերազմ, ապա դա կարող է հանգեցնել նաև Ադրբեջանում անկանխատեսելի հետևանքների, որը նույնիսկ կվտանգի Ադրբեջանի գոյությունը՝ որպես պետություն», - ասել է Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի սադրանքները, դժբախտաբար, դարձել են սովորական երևույթ:

«Ադրբեջանի նման ագրեսիվ, ֆաշիստական պետությանը բնորոշ է այդպիսի պահվածքը, սա նրա կենսակերպն ու ապրելակերպն է», - ասել է վարչության պետ, մեջբերում է «Sputnik-Արմենիա» ռադիոկայանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պասիվ վերաբերմունքն է ցուցաբերում այս ամենի նկատմամբ, հետևապես՝ հայկական կողմն է ստիպված լինում անել ամեն ինչ՝ պաշտպանելու պետության սահմանները, անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը:

«Թշնամուն տալիս ենք անհրաժեշտ հակահարվածները և կասեցնում բոլոր ոտնձգությունները: Ասեմ, որ Ադրբեջանը տալիս է բազմաթիվ կորուստներ, չնայած քողարկում է այդ ամենը: Ադրբեջանի բոլոր գործողություններն անիմաստ են, որովհետև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը նրանք չեն փոխում որևէ ձևով և ի վիճակի չեն ռազմավարական նախաձեռնությունը վերցնելու իրենց ձեռքը: Հետևաբար՝ անիմաստ կորուստներ, մարդկանց կործանված ճակատագրեր, որբ մնացած ընտանիքներ, երեխաներ, որդեկորույս մայրեր», - նշել է Բաբայանը:

Դիվերսիոն վերջին գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմն օգտագործել է նաև թուրքական հրթիռահրետանային կայանքներ: Վարչության պետը ընդգծել է, որ սա ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը, սակայն նկատել, որ պատերազմ սկսելն այնքան էլ դյուրին չէ:

«Պետք չէ նույնացնել իրավիճակը 1988-1991-ի հետ: Այն ժամանակ փլուզվում էր Խորհրդային միությունը և ստեղծվում էր աշխարհաքաղաքական մի հսկայական վակում: Ներկայում չկան նման գործընթացներ: Տարածաշրջանում, կարծես, հստակ են թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ու տնտեսական սահմանները, հետևաբար պատերազմ սկսելը հեշտ չէ: Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ապա այն չի լինելու միայն Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև. դրանում կամա, թե ակամա ներգրավվելու են նաև գերտերությունները, և սա որևէ մեկի շահերից չի բխում»,- ընդգծել է նա:

Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային ևհրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (մոտ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ամբողջ առաջնագիծը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ Բաբայանի՝ հզոր պետությունները չեն ցանկանում Ադրբեջանի իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքի պատճառով հայտնվել այնպիսի իրավիճակում, որը կպահանջի հսկայական տնտեսական ծախսեր, մարդկային կորուստներ, քաղաքական բախումներ:

Հակառակորդի գործողությունները շատ պարզ են և պրիմիտիվ. սադրանքներ, կաշառակերություն, խավիարային դիվանագիտություն, տարբեր միջազգային ատյաններում տարբեր չինովնիկների կաշառում:

«Այսպիսին է նրանց պետականաշինության փիլիսոփայութունը: Մենք մշտապես փորձելու ենք հակազդել դրանց, ճիշտ է, երբեք չենք որդեգրելու նրանց պահվածքը: Սա նաև լավ հնարավորություն է ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու համար»,- եզրափակել է նա:

Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը` օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2000-ից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---