Բեյրութում ցուցարարները նախարարության շենք են գրավել

Բեյրութում ցուցարարները նախարարության շենք են գրավել

PanARMENIAN.Net - Բեյրութում փողոցային ակցիաների մասնակիցները սկսել գրավել կառավարական շենքերը: Քաղաքի կենտրոնում ցուցարարները գրավել են շրջակա միջավայրի նախարարության շենքը և պահանջում են նախարար Մուհամմեդ ալ Մաշնուկի անհապաղ հրաժարականը: Ցուցարարները հայտարարել են, որ կհեռանան շենքից միայն նախարար Ալ Մաշնուկի հրաժարականի դեպքում:

Լիբանանի հանրությունն այդ նախարարին է պատասխանատու համարում երկրում ստեղծված «աղբահանության ճգնաժամի» համար: Այն շարունակվում է հուլիսի 13-ից, երբ բնապահպանների պնդմամբ փակվեց Նաամի ամբարտակը, ուր տեղափոխվում էր քաղաքի կենցաղային աղբը: Մինչ օրս ազբի ուտիլիզացման հարցը չի լուծվել: Արդյունքում երկիրը հայտնվել է բնապահպանական աղետի շեմին, ինչը քաղաքացիական հասարակության և երիտասարդության զանգվածային բողոքի ցույցերի առիթ հանդիսացավ, որոնք շարունակվում են օգոստոսի 22-ից:

Քաղաքի կենտրոնում ակտիվիստները հավաքվում են բողոքի նոր ցույցի: Ոստիկանության «ֆուհուդ» հատուկ ջոկատները փակել են դեպի նախարարություն տանող բոլոր մուտքերը և ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել: Շենքը գրաված ցուցարարները կտրված են փողոցում հավաքված կողմնակիցներից: Նրանք շփվում են բաց պատուհաններից: Ժամանակ առ ժամանակ վանկարկում են. «Հեռացիր, հեռացիր» կամ «Հեղափոխություն, հեղափոխություն», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախարար Ալ Մաշնուկն աշխատասենյակում է և հրաժարվում է ընդառաջել պահանջներին: «Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները»,-հայտարարել է նա:

Ալ Մաշնուկի հրաժարականի պահանջը 72-ժամյա վերջնագրի կետերից մեկն է, որն առաջադրել են ցուցարարները: Նրանք պահանջում են նաև դատի տալ ՆԳՆ ղեկավար Նուհադ ալ Մաշնուկին և խաղաղ ցույցերը ցրելու համար բոլոր պատասխանատուներին: Ցուցարարները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել ու հեռացնել իշխանությունից «կոռումպացված ռեժիմը»:

Անկարգությունները Լիբանանում սկսվեցին օգոստոսի 22-ին Բեյրութում 5-հազարանոց ցույցից հետո, որը վերածվեց բախումների ոստիկանության հետ: Տուժեց 25 ցուցարար և ավելի քան 15 ոստիկան: Ակտիվիստներից մեկը հոսպիտալացվեց գանգուղեղի ծանր վնասվածքով և հետո մահացավ: Ցուցարարները կոչ արեցին իրենց կողմնակիցներին հեռանալ կենտրոնական հրապարակից ու շարունակել հանրահավաքը օգոստոսի 24-ին գործողությունները համաձայնեցնելուց հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---