ԱԺ-ում քննարկում են սահմանադրական փոփոխությունները. Ընդդիմադիրները քննադատում են

ԱԺ-ում քննարկում են սահմանադրական փոփոխությունները. Ընդդիմադիրները քննադատում են

PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում Հայաստանում զարգացնել ժողովրդավարական ավանդույթները: Այս մասին սեպտեմբերի 4-ին սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Իշխանությունների տարանջատման սկզբունքը լրացվում է քաղաքական հավասարակշռության սկզբունքով: Եթե այսօր շատ կարևորագույն օրենքներ անցնում են միայն մեծամասնության կողմ քվեարկելու արդյունքում և փոքրամասնությունը թեկուզ երկու երեք ձայնով որևէ ազդեցություն չունի, ապա այս պառլամենտական համակարգում մենք ավելացրել ենք ընդդիմության դերակատարումը», - նկատել է Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը հավելել է, որ սահմանադրական օրենքները այս բարեփոխումների արդյունքում անցնելու են ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ 3/5-ով, գրում է Tert.am-ը:

«Այսինքն՝ մեծամասնությունը առանց ընդդիմության հետ կոնսոլիդացման, այլևս չի կարողանալու ո՛չ կարևոր հարց լուծել, ո՛չ կարևոր պաշտոնյայի ընտրել: Այս նախագծով հնարավորություն է տրվում, որ պարտված, հարաբերականորեն պարտված քաղաքական ուժերը ունենան մեծ դերակատարություն», - ասել է Շարմազանովը՝ օրինակ բերելով նախագահական ընտրությունները, որում հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ լսումների ժամանակ հայտարարել է, որ Սահամանդրություն փոխելու անհրաժեշտություն չկա, և Հայաստանում մենաշնորհացումը, արտագաղթը այլ պատճառ ունեն ու կապված չեն Սահմանադրության հետ, այլ` իշխող ավազակապետության հետ:

Նրա խոսքով՝ իշխանությունների համար գործող Սահմանադրության 50-րդ հոդվածը` նույն անձը չի կարող 2 անգամից ավել վերընտրվել նախագահի պաշտոնում, արգելում է իշխանության վերարտադրությունը, հետևաբար պետք էր վերացնել այդ խոչընդոտը` ձեռնարկելով Սահմանադրական բարեփոխումներ:

«Նոր նախագծով անցում է կատարվում իբր խորհրդարանական համակարգի, բայց իրականում ստեղծվում է եվրոպական ստանդարտների հետ որևէ առնչություն չունեցող մի աղճատված համակարգ, որում գլխավոր տեղը զբաղեցնում է Ազգային ժողովի նախագահը, որը իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը համատեղելով իր ձեռքում է կենտրոնացնելու պետական իշխանության բոլոր կարևոր լծակները», - հայտարարել է Զուրաբյանը, մեջբերում է Panorama.am-ը:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը եզրակացրել է, որ Սահմանադրության նախագիծը «ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ»:

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կոչ է արել բարեփոխումների նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկայական առաջարկներ:

« Մենք սահմանադրական փոփոխություններիքննարկման առնչությամբ հանրությունից պետք է ստանանք ազդակներ, ուստի ճիշտ կլինի, որ հանրությանը ճիշտ ներկայացվեն սահմանադրական փոփոխությունները», - ասել է նա:

ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ այս նախագծով հիմք է դրվում Սահմանադրության մեկնաբանման ինստիտուտին, որը մինչ այս չի եղել: Ըստ Մինասյանի՝ նաև ներմուծվում է սահմանադրական օրենքի ինստիտուտը, որն իրենից էական կարգավորումների համակարգ է ներկայացնում:

«Եթե մենք շատ ավելի մասնագիտական քննարկումներ ծավալենք, ապա նրանք, ովքեր առարկայորեն դեմ են այս նախագծին, անպայման կողմ կլինեն այս փոփոխություններին: Կոչ եմ անում՝ միասին կարողանանք այս փոփոխությունները արժևորել, բարեփոխման առաջարկներ ներկայացնել ու հարգանքով վերաբերվել պետական ինստիտուտներին», - եզրափակել է դաշնակցական պատգամավորը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն): Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:

Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին:

Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

Վենետիկի հանձնաժողովը հուլիսի 31-ին հրապարակել է իր նախնական դիտարկումները Հայաստանում սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկում է հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները: Բացի այդ, առաջարկվում է չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---