Աշխարհի 200 լավագույն համալսարանը. Առաջինը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է

Աշխարհի 200 լավագույն համալսարանը. Առաջինը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն  է

PanARMENIAN.Net - Բրիտանական Quacquarelli Symonds ընկերությունը կազմել է 2015 թ. աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշը: Չորրորդ տարին անընդմեջ առաջին տեղում ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է:

Երկրորդ հորիզոնականում լեգենդար Հարվարդի համալսարանն է, որը 2014-ին 4-րդն էր: Երրորդ տեղում Քեմբրիջի համալսարանն է, որը նահանջել է մեկ հորիզոնականով նախորդ տարվա համեմատ` 2014-ին այն 2-րդ հորիզոնականում էր:

4-րդ և 5-րդ հորիզոնականներում են Սթենֆորդի համալսարանն ու Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը: 2014-ին այդ համալսարանները համապատասխանաբար զբաղեցրել էին 7-րդ և 8-րդ հորիզոնականները:

Օքսֆորդի համալսարանը կորցրել է 1 միավոր` 5-րդ հորիզոնականից նահանջելով վեցերորդ հորիզոնական: 7-րդ տեղում է Լոնդոնի Համալսարանական քոլեջը: Լոնդոնի Կայսերական քոլեջը, որը 2014-ին կիսում էր երկրորդ հորիզոնականը Քեմբրիջի հետ, 2015-ին միայն 8-րդ տեղում է:

Շվեյցարական Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը 9-րդ հորիզոնականում է (2014-ի 12-ի փոխարեն): Բարելավել է դիրքը նաև Չիկագոյի համալսարանը, որը 2014-ի 11-րդ հորիզոնականից անցել է 10-րդ հորիզոնական:

Ընդհանուր առմամբ առաջատարն ամերիկացիներն են` 200 լավագույններից 49-ը գտնվում է ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում է գտնվում լավագույն բարձրագույն հաստատություններից 30-ը: Վարկանիշի երրորդ հորիզոնականում Նիդերլանդներն են` այդ երկրի 12 բուհ է ընդգրկված վարկանիշում:

QS կարծիքը հեղինակավոր է գիտական աշխարհում. կազմակերպությունը միանգամայն անաչառ կերպով է գնահատում այս կամ այն բուհի ներուժը: Հաշվի են առնվում հաստատության հեղինակությունն ակադեմիական միջավայրում, ուսանողների և դասախոսների հարաբերակցությունը, գործատուների վերաբերմունքը, հիշատակումներն ու օտարերկրացիների քանակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---