Ֆրանսիայի տեսչական խումբն այցելել է Տավուշի Բերդավան, լուսանկարել հակառակորդի ականների բեկորները

Ֆրանսիայի տեսչական խումբն այցելել է Տավուշի Բերդավան, լուսանկարել հակառակորդի ականների բեկորները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակում Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել ՀՀ տարածքում:

Տեսչական խումբն այցելել է 3-րդ ԲԿ զորամասերը: Տեսուչները ցանկություն են հայտնել լինել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին ԱՀ ԶՈՒ հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, և երկուսը ստացել բեկորային վիրավորումներ:

Նրանք այցելել են զոհվածների ընտանիքներին, զրուցել նրանց հարազատների հետ, լուսանկարել են թուրքական արտադրության TR-107 հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների բեկորների լուսանկարներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 1-ին բազմազգ տեսչական խումբն այցելել է ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը: Խմբի անդամները հանդիպել են զորավարժության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, եղել են զորավարժության ուսումնական կետերում, զրուցել մասնակից պետությունների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը՝ հոկտեմբերի 1-ն, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի և փոխդեսպան Նիկոլա Ֆայի հետ:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանիցբացի զոհվել էր նաև Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:

Տավուշի Պառավաքար գյուղում սեպտեմբերի 28-ին հակառակորդի կրակոցից գյուղի բնակիչներից մեկը վնասվածք է ստացել: Գյուղացին վնասվածքը ստացել է խաղողի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---